Դիտորդ կազմակերպությունների կոալիցիան՝ «Չեմի Խմա»-ն («Իմ ձայնը»), կոչ է արել Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությանը (ԿԳԵՆ) պարզաբանել, թե ինչու են աշակերտներից պահանջում լրացնել իրենց ծնողների անձնական տվյալները:
Այս տեղեկությունը ճեպազրույցում հայտնել է կոալիցիայի խոսնակներից Լոնդա Թոլորաիան։ Նա նաև կոչ է արել Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակին ուսումնասիրել, թե արդյո՞ք օրինական է անչափահասներից իրենց ծնողների մասին անձնական տվյալներ հավաքելը:
«Մի քանի րոպե առաջ տեղեկություն տարածվեց, որ դպրոցներում աշակերտներից հավաքագրում են նրանց ծնողների անձնական տվյալները, ԿԳԵՆ-ը պետք է պարզաբանի այս հարցը՝ ինչո՞ւ է անհրաժեշտ այս տեղեկությունը հավաքել աշակերտներից, քանի որ ԿԳԵՆ-ն արդեն ունի երեխաների օրինական ներկայացուցիչների մասին անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են երեխաների կրթական գործընթացի համար։
Նաև նշված հարցը պետք է ուսումնասիրի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը, թե որքանով է օրինական անչափահասներից նրանց ծնողների մասին անձնական տվյալներ հավաքելը»,- ճեպազրույցում ասել է Թոլորաիան։
Հիշեցնենք, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեղեկություն էր հրապարակել, որ դպրոցներում երեխաներից պահանջում են լրացնել իրենց ծնողների անձնական տվյալները։
Փաստին քիչ առաջ արձագանքել է ԿԳԵ նախարարությունը, որը նախագահի տարածած տեղեկությունը որակել է «սուտ և ապատեղեկատվություն»` հավելելով, որ «դպրոցները պարբերաբար թարմացնում են համակարգում առկա տվյալները՝ ծնող/օրինական ներկայացուցիչ, կոնտակտային հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և բնակության հասցե»։