Վրացի գրող Շալվա Բակուրաձեն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռմբակոծության մասին ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Լիզա Թորոսյանի գրառումով ու աջակցություն է հայտնել հայ ժողովրդին:
Բակուրաձեն գրում է՝ իննամսյա շրջափակումից ու սովից, դեղորայքի բացակայությունից, մարդասիրական բոլոր օգնության արգելքից հետո ռմբակոծվում են քաղաքացիական օբյեկտները, դիահերձարանները, դպրոցները, ծննդատները, որտեղ երեկ ռմբակոծության պայմաններում երեխա է ծնվել։
«Խոսքը մարդկանց մասին է. հասարակ քաղաքացիական անձանց մասին, ովքեր պայքարում են գոյության համար, ի՞նչ է սա, եթե ոչ էթնիկ զտում»,- մեջբերում է Բակուրաձեն:
Գորղը նաև հիշատակում է ռմբակոծությունից զոհվածների ու վիրավորների մասին և հավելում. «Սրանք Ադրբեջանի ավտորիտար, ահաբեկչական ռեժիմի «հակաահաբեկչական գործողության» հետևանքներն են: Մեկ ժամ առաջ հայտարարվեց նաև, որ ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել ռուս «խաղաղապահների» ուղղությամբ, որոնք փորձում էին Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից տարհանել երեխաներին և կանանց»:
Քիչ առաջ Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարեց, որ Ստեփանակերտն ընդունել է ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր ժամը 13-ից ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։
Կողմերը պայմանավորվել են «Հայաստանի Զինված ուժերի մնացած ստորաբաժանումների և զինծառայողների» դուրսբերման և Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների լուծարման ու ամբողջական զինաթափման, Լեռնային Ղարաբաղից ծանր զինտեխնիկայի և սպառազինությունների դուրսբերման մասին։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը չի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնագրի նախապատրաստմանը։
Եվրամիությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը և Ռուսաստանը կոչ են արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Հայաստանի հանրային պաշտպան Անաիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում 32 զինվորական և քաղաքացիական անձ է զոհվել (այդ թվում՝ 2 երեխա), ավելի քան 200-ը՝ վիրավորվել։
Երեկ ժամը 13-ի սահմաններից ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ: