Իլիայի պետական համալսարանի ավտորիզացիան՝ մեկ տարի անց մոնիտորինգի պայմանով. կարծիքներ

Սեպտեմբերի 26-ին Վրաստանում տեղի է ունեցել Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի բուհերի լիազորման խորհրդի նիստ, որն առանց որևէ հիմնավորման և բացատրության փոփոխել է լիազոր փորձագետների բարձրագույն գնահատականները, և դրա հիման վրա Իլիայի պետական համալսարանին տրվել է ավտորիզացիա՝ մեկ տարի անց մոնիտորինգի պայմանով:

«Մենք սկզբունքորեն համաձայն չենք Խորհրդի այս որոշման հետ և, անշուշտ, կբողոքարկենք այն ժամանակ, երբ մեզ պաշտոնապես ուղարկեն Խորհրդի արձանագրությունն ու որոշումը»,- գրված է համալսարանի ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Իլիայի պետական ​​համալսարանի գործունեությունը 2024 թվականի հունիսին գնահատել է վրացի և օտարերկրյա փորձագետներից բաղկացած խումբը և տվել ամենաբարձր գնահատականները գրեթե բոլոր չափանիշներով (ստորև` հատված փաստաթղթերից).

May be an image of text

Կրթության հետազոտող Սիմոն Ջանաշիան սեպտեմբերի 27-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է սեպտեմբերի 26-ի լիազորման խորհրդի նիստի որոշմանը։ Ջանաշիայի խոսքով՝  Իլիայի համալսարանին տրվել է, այսպես կոչված, պայմանական ավտորիզացիա։

«Սեպտեմբերի 26-ին կայացած նիստում, չնայած այն հանգամանքին, որ Իլիայի համալսարանը դրական եզրակացության է արժանացել բոլոր ուղղություններով, լիազորման խորհուրդը որոշել է, որ համալսարանը չի կարող լիովին բավարարել ավտորիզացիայի պահանջները։ Նրանք համալսարանին տվել են, այսպես կոչված, «պայմանական թույլտվություն»՝ մեկ տարի անց ստուգման պայմանով, որից հետո կորոշվի՝ բուհին գործունեության լիազորություն կտրվի, թե` ոչ։

Երբ խնդրել են բացատրել պատճառները, խորհրդի նախագահի պաշտոնակատար Զուրաբ Օրջոնիկիձեն ասել է, որ պետք է դուրս գա դահլիճից։ Հավանաբար, դրսում ինչ-որ մեկի հետ խորհրդակցել է, հետո վերադարձել է լիազորման խորհրդի նիստի սենյակ և ասել, որ պետք չէ հանրությանը բացատրել, թե ինչու է դա արվում:

Շատ ցավալի է նաև, որ լիազորման խորհրդի անդամներից միայն մեկն է դեմ քվեարկել, չնայած այն հանգամանքին, որ փորձագետներն ասել են` ամեն ինչ կարգին է»,- պատմել է Ջանաշիան։

Լիազորման խորհրդի որոշումը Սիմոն Ջանաշիան կապել է Իլիայի պետական ​​համալսարանի որոշ ուսանողների և դասախոսների քաղաքացիական դիրքորոշման հետ։

«Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցեց Իլիայի պետական համալսարանի կրթության և քաղաքականության բնագավառում պրոֆեսոր Քեթի Ցոտնիաշվիլիի հետ:

Ցոտնիաշվիլիին ևս հաստատեց, որ համալսարանին տրվել է 6 տարվա ավտորիզացիա (ինչպես միշտ է եղել — հեղ.)` մեկ տարի անց մոնիտորինգի պայմանով:

«Նիստի ընթացքում ոչ մի բացատրութուն չի հնչել, թե ինչու է նման որոշում կայացվել` կասկածի տակ դնելով փորձագետների վերջերս տրված գնահատականը:

Հատկանշական է նաև, որ Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի (National Center For Educational Quality Enhancement) հրապարակած տվյալների համաձայն՝ գրեթե բոլոր համալսարաններում բարձրացվել է հաստատությունների գնահատականները, բացառությամբ` Իլիայի պետական համալսարանի:

Սա ուղղակիորեն առնչվում է ամիսներ առաջ համալսարանի ցուցաբերած ակտիվությանը: Ռուսական օրենքի ընդունման դեմ ցույցերի ժամանակ Իլիայի պետական համալսարանի ուսանողները դասադուլ հայտարարեցին, որին հաջորդեց Ռեկտորների խորհրդի հրապարակումը, ըստ որի` նրանք դատապարտում էին ուսանողներին դասապրոցեսը խոչընդոտելու համար»,- ասաց պրոֆեսորը` հավելելով, որ Իլիայի պետական համալսարանն այն սակավաթիվ բուհերից է, որը չի ստորագրել այս տարվա մայիսին  ընդունված վերոնշյալ համատեղ հայտարարությունը՝ ռուսական օրենքի դեմ ցույցերին զուգընթաց:

Ցոտնիաշվիլիի համոզմամբ՝ դա նշանակում է, որ համալսարանները և այլ հաստատություններ եթե լռում են նման դեպքերում՝ ստանում են բարձր որակավորում, իսկ հակառակ դեպքում` ամեն բան խնդրահարույց է: Նա նաև հավելեց, որ կատարվածը չի համապատասխանում ժողովրդավարական սկզբունքներին և խոչընդոտում է խոսքի ազատությունը:

Նրա խոսքով, առաջին անգամ չէ, որ համալսարանը կանգնում է նման խնդիրների առջև, թեև միշտ պատվով է դուրս գալիս ակադեմիական համայնքի համախմբվածության շնորհիվ:

«Այս դեպքը նույնպես բացառություն չէ, խնդիրները կարգավորելու համար տևական աշխատանքներ են պահանջվում: Իսկ ես կոչ եմ անում ամեն դեպքում լինել համախմբված և կատարել ճիշտ որոշում»,- «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցը ամփոփեց Ցոտնիաշվիլին: