Ապրիլի 5-ին մեկնարկեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության եռօրյա աշխատանքային այցը Վրաստան, որի շրջանակներում Ռուսթավի քաղաքում անցկացված հանդիպումից հետո ստորագրվեց հուշագիր, ըստ որի Ռուսթավին և Իջևանը քույր քաղաքներ հռչակվեցին:
ՀՀ ՏԿԵ նախարարի գլխավորած պատվիրակության այցը մեկնարկեց Թբիլիսիից՝ վրաց գործընկերների հանդիպմամբ․ Վրաստանի ՏԶԵ նախարարությունում տեղի ունեցավ ընդլայնված ձևաչափով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին միասին անցած ճանապարհը, ներկայում ունեցած ջերմ հարաբերություններն ու փորձի փոխանակման հարցում զարգացման մեծ հույս հայտնեցին: Կողմերը մտքեր փոխանակեցին ճանապարհաշինության և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ապակենտրոնացված ձևաչափով փորձի փոխանակման ու համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ։
ՀՀ ՏԿԵ նախարարը և Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեցին նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և Վրաստանի ՏԶԵ նախարար Իրակլի Քարսելաձեի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը և բարիդրացիական հարաբերությունները։ Խոսվեց տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության և նշված ուղղությամբ հարաբերությունների հետագա զարգացման մասին։ Նշվեց, որ հարևան երկրների միջև հարաբերությունները տնտեսական ոլորտում դինամիկ են զարգանում և զգալի առաջընթաց կա։
Եռօրյա աշխատանքային այցի առաջին օրն ամփոփվեց Ռուսթավի այցով, որտեղ էլ ՀՀ պատվիրակությանը հանդիպեցին Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին, Քվեմո Քարթլիի փոխնահանգապետ Կախա Կոբերիձեն և Ռուսթավիի քաղաքապետ Նինո Լացաբիձեն:
Հանդիպմանը Քվեմո Քարթլիի նահանգապետը կարևորեց վերջին տարիների ընթացքում ոլորտային բարեփոխումների ուղղությամբ փորձով կիսվելու հնարավորությունը: ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ողջունեց երկու երկրների Տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով համագործակցության զարգացումը, ինչն էլ ավելի է նպաստում ապակենտրոնացմանը:
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում ուրախություն հայտնեց, որ հայ-վրացական սահմանի «Բարեկամության կամրջի» բացումից հետո ապակենտրոնացման ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակներում անդրանիկ նման հուշագիրը կնքվեց հենց իր պաշտոնավարության օրոք, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեց համագործակցությանն օգնություն ցուցաբերելու հարցում: