«Իբերիա» հեռուստաընկերությունը դադարեցրել է հեռարձակումը։ Հեռուստաընկերության գիշերային քաղաքական թոք-շոուն չի հեռարձակվել: Այնուհետև հեռուստաալիքն անջատվել է, և այժմ հեռուստաէկրանին միայն գրվում է. «Կառավարությունը փակեց «Իբերիան»:
«Կառավարությունը հասավ նրան, ինչ անում էր երկու տարի շարունակ և պատրաստվում էր այս օրվան: Այս իրավիճակը ցավալի է ոչ միայն «Իբերիայի», այլև երկրի համար», — ասում է «Իբերիայի» համահիմնադիր, պատգամավոր Նատո Չխեիձեն:
«Իբերիայի» հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վախո Խուզմիաշվիլին պնդում է, որ հեռուստաընկերությունը փակվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության սպառնալիքների և ֆինանսական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարին Վրաստանի հեռահաղորդակցության ազգային հանձնաժողովը տուգանել էր «Իմեդի», «Ռուսթավի 2» և «Իբերիա» հեռուստաընկերություններին: Տուգանքի չափը «Իմեդի»-ի համար կազմել է 25 հազար 748 լարի, «Ռուսթավի 2»-ը տուգանվել է 31 հազար 683 լարիով, «Իբերիա»-ն՝ 3 հազար 394 լարիով:
Դրանից հետո «Ռուսթավի 2»-ը հերթական սկանդալային ձայնագրությունն էր տարածել «Իբերիա» հեռուստաընկերության գլխավոր ֆինանսավորող «Օմեգա Գրուպ» ընկերության շուրջ գործարքների վերաբերյալ: Դա արդեն չորրորդ աղմկահարույց ձայնագրությունն էր, որ «Ռուսթավի 2»-ը գտնում է «Իբերիա» հեռուստաընկերության վերաբերյալ: