Վրաց ուղղափառ եկեղեցու ավագ քահանա Իակոբ եպիսկոպոսը անդրադարձել է «օտարերկրյա ազդեցության գործակալների» մասին օրենքի նախագծերին` նշելով, որ վաղ թե ուշ Վրաստանը ստիպված է լինելու նման օրենք ընդունել, եթե ուզում է ապրել քաղաքակիրթ աշխարհում։
«Երբ պատրաստվում եք նման օրենք ընդունել, պետք է մարդկանց բացատրեք, թե ինչու է դա անհրաժեշտ, որովհետև օրենքը ներկայացնելուց հետո ասացին, որ մեր գործընկերներին թշնամի եք համարում։ Դա տարածել են այն կուսակցությունները, որոնք ցանկանում են գալ իշխանության, ինչպես նաև որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք ամենաշատ գումարն են ստանում դրսից»,- իր կիրակնօրյա քարոզի ժամանակ ասել է Բոդբե եկեղեցու եպիսկոպոսը։
Նրա նաև խոսել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի մասին, նշելով, որ աշխարհը «ոչ թե սխալվեց 90-ականներին, այլ հանցագործություն կատարեց, երբ Բալթյան երկրների հետ միասին Վրաստանը չընդունվեց Եվրամիություն»։
Հիշեցնենք, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագիծը, որն առաջացրել էր ներպետական և միջազգային խիստ քննադատություն, խորհրդարանը տապալել է լայնածավալ բողոքի ակցիաներից հետո։
Վրաստանի քաղաքացիական հասարակությունը մարտի սկզբին բազմահազարանոց բողոքի ակցիաներ նախաձեռնեց ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի: Իշխող կուսակցությունն այդ նախագիծը խորհրդարան էր բերել վերահսկողություն սահմանելու նպատակով երկրում գործող այն իրավաբանական անձանց ու լրատվամիջոցների նկատմամբ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսը ստացվում է արտերկրից: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց, իսկ երկրորդի ժամանակ ստիպված հետ կանչեց, քանի որ ցույցերը զանգվածային բնույթ ստացան՝ ուղեկցվելով իրավապահ մարմինների կողմից ուժի կիրառմամբ: