Վրաստանի ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին, ի նշան բողոքի, լքել է դատական նիստը։ Ըստ նրա՝ ՆԳՆ-ի փաստարկներն անհեթեթ են։
Մայիսին Ալեկո Էլիսաշվիլին մեղադրվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 166-րդ և 173-րդ հոդվածներով օրենքը խախտելու համար` ոստիկանին անհնազանդություն և մանր խուլիգանություն։ Պատգամավորը ծանուցումը քաղաքային դատարանից ստացել է հուլիսի 10-ին։
Ալեկո Էլիսաշվիլիի փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլիի խոսքով՝ գործընթացը շարունակվում է, քանի որ պատգամավորին հնարավորություն չի տրվել պաշտպանվելու։
Հունիսի 13-ին «Քաղաքացիներ» կուսակցության նախագահ, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը երկու ամիս է, ինչ հետաքննում է բողոքի ցույցի ժամանակ իրեն ծեծելու փաստը։ Գործակալության հետ ճեպազրույցում Էլիսաշվիլին ասել է, որ այդ ընթացքում ոչ մի ոստիկան չի հարցաքննվել, ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ինքն էլ տուժող չի ճանաչվել։