Ախալքալաքի մարզադաշտում վաղը` հոկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին, հավաք կանցկացվի՝ որպես Արցախին աջակցության նշան:
Նինոծմինդայի բնակիչ Անդրանիկ Ղարսլյանն «Ալիքի» հետ զրույցում ասում է, որ ասօր առավել քան կարևոր է միասնական լինելը: Ժողովուրդը պատրաստ է ռազմաճակատ մեկնել ու կանգնել հայրենիքի կողքին. ստեղծված պայմաններում, երբ անհնար է ֆիզիկապես մասնակցել պայքարին, որոշել են գոնե այս կերպ օգտակար լինել, որ գոնե հեռվից զգացվի ջավախքցու աջակցությունն ու զորակցությունը.
«Սա ինքնաբուխ հավաք է լինելու, ժողովրդի ձայնն է բարձրացվելու: Մեզ բախտ է վիճակվել երկու հայրենիք ունենալ, որոնցից մեկն այսօր վտանգված է: Գոնե այս կերպ փորձելու ենք սատար կանգնենք, ցույց տանք, որ մենք մեր պատմական հայրենիքի, մեր քաջերի կողքին ենք: Ջավախքն ամեն կերպ պատրաստակամ է օգտակար լինել` թե կամավորության, թե գումարային: Տեսել եք, որ Ջավախքից ուղարկած աջակցությունը տեղ է հասել, նորից ենք ուղարկում»:
Հավաքագրվում է անհրաժեշտ ամեն ինչ` տաք հագուստ, Ջավախքի ամենահամեղ կարտոֆիլ, ալյուր, անգամ պահածոներ ու քաղցրավենիք: Զուգահեռ նաև դրամահավաք է անցկացվել: Վաղը հավաքված գումարը ուղարկվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս օրերին ջավախքցիների ջանքերով մոտ 1 միլիոն լարի է հավաքվել: Սա մոտ 300 հազար դոլար է: Եղել են մեծ ու փոքր ներդրումներ` ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող ջավախքցիների կողմից: