Վրաստանը մայիսի 26-ին նշում է անկախության օրը։
Երկու տարվա դադարից հետո բոլորը կկարողանան ներկա գտնվել Վրաստանի անկախության օրվա միջոցառումներին և տեսնել զինված ուժերի նոր տեխնիկան։
«Սու-25» և արդիականացված ռմբակոծիչները կսավառնեն Թբիլիսիի երկնքում։
Այս տարվա կարգախոսն է՝ «Դեպի Եվրոպա»։ Նշենք, որ մեկ ամսից ավել է Վրաստանը սպասում է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ պատմական որոշմանը։
Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում միջոցառումները կսկսվեն ժամը 11:00-ին։ Կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ՝ ճանաչողական, պատմական, ցուցահանդեսային տաղավարներ, ինչպես նաև մանկական ժամանցային ծրագրեր և այլն։
- ժամը 12:00-ին երդման արարողություն տեղի կունենա Ազատության հրապարակում և Վրաստանի 5 քաղաքներում։
- ժամը 17:10-ին կհնչի Վրաստանի օրհներգը՝ պատմական այն պահին, երբ Նոե Ժորդանիան հայտարարեց Վրաստանի անկախության մասին։
- ժամը 20:30-ին Առաջին Հանրապետության հրապարակում տեղի կունենա գալա համերգ։
Նշենք նաև, որ անկախության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն մայրաքաղաքից բացի նաև մարզերում։
Ընդգծենք, որ անկախության օրվա առթիվ արդեն բազմաթիվ շնորհավորական ուղերձներ են հղվել։
Կարդացեք նաև՝
Ինչ միջոցառումներ են նախատեսված Մառնեուլիում և Ախալքալաքում անկախության օրը