Իմ Համայնքը Ջավախքն է։ Իսկ իմ գյուղական փոքր համայնքը՝ Սուլդան։
Երբ խոսում, գրում ենք մեր համայնքների մասին, միշտ շատ խնդիրներն ենք նշում, փոքր ու մեծ:
Սկզբում կուզեի նշել մեր Համայնքի առավելությունները։ Ապրելով այլազգիների հետ, շատերս պահում ենք միշտ մեր հայությունը։ Ես սիրում եմ իմ համայնքի հայրենասիրությունը, բայց ափսոս մենք միշտ միավորվում ենք, երբ վատ իրավիճակում ենք լինում։
Թող համայնքիս միավորումը միշտ լինի։
Գյուղս Ջավախքի այն գյուղերից մեկն է, որտեղ կան շատ տնտեսական խնդիրներ։
Կցանկանայի լուծել, փոխել մի շարք խնդիրներ, որոնց հետ մենք ամեն օր առնչվում ենք։
Գյուղում չկա մշտական ջուր, գազաֆիկացում, վերանորոգված դպրոց (մի մասնաշենքում), խաղահրապարակ, սպորտդահլիճ։
Շատերը երևի զարմանան, որ 21֊րդ դարում չկան կյանքի համար ամենաանհրաժեշտ պայմանները։ Ձմռանը 5 օրը մեկ ենք ջուր ունենում։ Մոտ 8 տարի առաջ ջրի վիճակն ավելի վատ էր։ Հիշում եմ, երբ բոլորը Հին աղբյուրից «ճակուլաներով», տակառներով ջուր էին բերում։ Դեռ շատ փոքր տարիքից նպատակներիցս մեկը գյուղում ջուր ունենալն էր։
Իսկ գյուղում գազաֆիկացում ընդհանրապես չկա։ Տները տաքացնում են փայտով, աթարով։ Ցավալի է։
Բայց հիմա էլի այստեղ շատ չեն բողոքում…
Ամենակարևորը՝ կցանկանայի երիտասարդների ակտիվությունն ավելի շատ լիներ։ Կրթությանը, համայնքին շատ լուրջ վերաբերվեին։ Եվ հիմնական նպատակներից մեկն էլ գյուղը լքելը չլիներ, այլ զարգացնելը…
Շատ եմ սիրում համայնքս։ Եվ ցանկանում եմ լինել այն երիտասարդներից մեկը, որը կօգնի համայնքին։
Հեղինակ՝ Կարինե Հովհաննիսյան, գյուղ Սուլդա
Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: