Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. գյուղ Կարծախ

Մինչ այն, թե ինչ կփոխեի իմ համայնքում, կխոսեմ իմ բնակավայրի՝ Կարծախի մասին։ Կարծախցիները գաղթել են Էրզրումից։ Հիմնական գաղթը եղել է 1828 թվականին՝ Սրբազան Կարապետ Բագրատունու առաջնորդությամբ։

Կարծախը երկար ժամանակ եղել է ամենամեծ գյուղը ամբողջ շրջանում և ունեցել է կաթի վերամշակման գործարան, բուժկետ, ջրաղաց, ճաշարան, դարբնոց, գրադարան, վարսավիրանոց, բաղնիք, փայտի արհեստանոց, ակումբ և այլ հաստատություններ։

Կարծախը աշխարհին տվել է բազում նշանավոր մարդկանց, օրինակ Կարապետ Չոբանյանը՝ մեխանիկոս, ճարտարագետ, ինժեներ, գիտնական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ով ծնվել է Կարծախում և սկզբնական կրթությունը ստացել է Կարծախի միջնակարգ դպրոցում։ Նա հայտնաբերել է «Թերլարվածության երևույթը» (1971 թվականին՝ որպես գիտական հայտնագործություն գրանցվել է ԽՍՀՄ պետական գրանցամատյանում)։

Կարծախի Ջիվանու անվան հանրային դպրոցը մինչ օրս էլ ունի լավ մասնագետներ և ընդունակ աշակերտներ, և ելնելով էսսեյի բուն իմաստից նախ և առաջ իմ համայնքի դպրոցում աշակերտական ծրագրին համապատասխան քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիա կկառուցեի, որ աշակերտները հնարավորություն ունենան ավելի պատկերավոր տեսնելու այդ երևույթները։ Քանի որ երկրի ապագան երեխաներն են, ապա ինչքան կրթված եւ զարգացած լինեն նրանք, այնքան քաղաքակիրթ և զարգացած կլինի երկիրը, իսկ նմանատիպ հնարավորություններն ավելի մեծ նպատակ են դնում երեխաների սրտում դեպի բարձրագույն կրթությունը և նոր հայտնագործությունները։

Բացի այդ իմ համայնքում դեռևս կա սոցիալական խնդիր։ Գյուղում չկա բանական գազի մատակարարում, ինչը առաջացնում է բազում կենցաղային խնդիրներ՝ հատկապես կանաց համար, ովքեր ստիպված են լինում այդ պատճառով կատարել բազմաթիվ ծանր ֆիզիկական աշխատանքներ։ Բնական գազի ապահովումը առկա է մինչև Վաչիան գյուղը, ինչն իր հերթին նշանակում է, որ այն Կարծախ հասցնելը այնքան էլ դժվար չի լինի, և ես գործի կդնեի բոլոր հնարավոր միջոցներն այն իրագործելու համար։

Քանի որ 1950-60-ական թվականներին 400-500 ընտանիք է տեղափոխվել ու բնակություն է հաստատել Հայաստանում ու Հյուսիսային Կովկասում, այժմ գյուղում շատ տներ ավերակների են վերածվել կամ գտնվում են վթարային գոտում, ինչը աղավաղում է գյուղի արտաքին տեսքը և վտանգ է հանդիսանում շրջակա միջավայրի համար, այսպիսով ես գյուղի տարածքը կմաքրեի նմանատիպ կառույցներից, քանի որ այստեղ շատ հաճախ են լինում զբոսաշրջիկներ և նկարահանումներ անում ու չնայած գյուղի գեղեցիկ աշխարհագրական դիրքին և բնությանը, ավերակներն այնքան էլ գեղեցիկ և նշանակալից երանգներ չեն հաղորդում։

Մեծն աշուղ Ջիվանու հանճարի գաղտնիքը դա իր ծննդավայրի՝ Կարծախի բնության ազդեցությունն էր իր վրա, որը նա շատ է սիրել և հաճախակի է այցելել այնտեղ։ Եվ պատահական չէ, որ նա 1901 թվականի մայիսի 20-ին լինելով Կարծախում, գրում է հետևյալ բանաստեղծությունը՝ անվանելով «Կանաչ սար»․

ԿԱՆԱՉ ՍԱՐ

Մեկ կողմդ Չլտր է, մեկ կողմդ` Ջավախ,
Երկու գավառներու պաշտպան կանաչ սար,
Շատ օրեր ես տեսել հաջողակ ու ձախ,
Որպես պատերազմող իշխան, կանաչ սար։

Վեհ գլուխդ մշուշապատ, ամպամած,
Երկնքի հետ խոսք ու պայման ես կապված,
Կառկառներդ հրաբուխից գոյացած,
Երևում են հետք ու նշան, կանանչ սար։

Մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր,
Ցույց ես տալիս գեղատեսիլ մէկ պատկեր,
Աղբյուրներդ ականակիտ, սառնասեր,
Առվակներդ անմահական, կանանչ սար։

Թուրքերեն քեզ, ո՛վ սար, ասում են` կյոկտաղ,
Ամպերը գլխիդ հետ միշտ անում են խաղ,
Մի քանի գյուղացու մշակ ու հոտաղ,
Կրծգիդ վրայ վարեն գութան, կանանչ սար։

Ծաղկունք` գլխիդ պսակ, ականճներուդ օղ,
Աղեղնակը կամար, Թուխփը` դեմքիդ քօղ,
Ամուլ կանանց առատածին դարձընող,
Պահում ես մեկ սուրբ գերեզման, կանանչ սար։

Առաջ ունեցել ես ահագին անտառ,
Չար մարդկանց ձեռքերը կտրել են իսպառ,
Գտնըվում են մասրի, ուռի, գիչու ծառ,
Մի քանի հատ դեպի Էրջան կանանչ սար։

Շրջապատողներդ անխելք, անասում,
Խեղճ կմնան քեզանից չեն հասկանում
Գյուղացիքդ արժեքդ չեն հասկանում
Անգին գանձ ես, հազվագիուտ բան, կանանչ սար։

Ժողովուրդի համար սիրտըդ կվառի,
Ձմեռ գարուն հոգսերդ չեն սպառի,
Գուգարաց աշխարհի Ջավախ գավառի,
Հսկայ լեռն ես դու պատմական, կանանչ սար։

Հազար ութը հարյուր քսանութ թվին,
Ըռուսաց զօրքերուն եղել ես ուղին,
Գրաֆ Պասկևիչի քաջամարտ գնդին,
Ճանբա ես ցույց տվել, դուրան կանանչ սար։

Ունեցածդ ոչ ոքից չես խնայել,
Մարդկանց համար իբր բերդ ես ծառայել,
Կարծախ գյուղին երկու լիճ ես ընծայել,
Աղի-լեղի, անդուրական, կանանչ սար։
․․․
Կարծախցի Ջիվանն եմ, հեռու ընկել եմ,
Կարոտովդ մաշված շատ մաղկըտել եմ,
Ջրերդ խմել եմ, կաթդ կերել եմ,
Եղել եմ բարիքիդ արժան, կանանչ սար։

Ջիվանու նկարագրած «Կանաչ սար»՝ Գյոկտաղը այժմ նույնպես զուրկ է ծառերից, և ընդհանուր ամբողջ գյուղի տարածքը այնքան էլ հարուստ չէ ծառերով, չնայած նրան, որ բազում հազվագյուտ օգտակար բույսեր կան տարածարշջանում։ Ջիվանին շատ պարզ նկարագրել է այն, որ որոշ չարագործների ձեռքով ծառերը հատվել են և հիմա հսկայական անտառից շատ քիչ մաս է մնացել, այսպիսով ես ակտիվ գյուղացիներին կառաջարկեի միավորվել և վերականգնել Գյոկտաղի չքնաղ անտառը։

Հեղինակ՝ Աննա Մոսոյան, 16 տարեկան, գյուղ Կարծախ

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: