Չնայած ես Կարտիկամ գյուղի բնակիչ եմ, այսօր պետք է խոսեմ մեկ այլ գյուղի մասին:
Ես շատ քիչ գյուղերում եմ եղել, կարելի է ասել՝ հինգ-վեց, ոչ ավել, բայց ամենավատ վիճակում գտնվող գյուղը եղել է Բուզավեթը: Գյուղն Աբուլ լեռան ստորոտին է գտնվում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 6,5 կմ հեռավորության վրա:
Հաճախ մարդիկ այս գյուղը տեսնելիս մտածում են թե փոքր, գեղեցիկ, հանգիստ և քիչ աղմկոտ տեղ է, այսինքն հանգստանալու հրաշալի վայր, բայց դա միայն առաջին հայացքից.
Բուզավեթ գյուղը, համեմատած իմ տեսած մնացած այլ գյուղերի հետ, ունի ավելի շատ խնդիրներ, քան առաջին հայացքից թվում է: Եվ յուրաքանչյուր գյուղ/համայնք իմ կարծիքով ունի ուշադրության և ինչու ոչ խնամքի կարիք:
Բուզավեթ գյուղի բնակիչները բոլորը աշխատասեր, գյուղին նվիրված մարդիկ են ու անում են ամեն հնարավոր բան գյուղը կանգուն պահելու համար։ Բայց այս անգամ միայն աշխատասեր լինելը չի կարող լուծել այդ հարցը:
- Առաջին հերթին գյուղ տանող ճանապարհը գտնվում է շատ վատ վիճակում, հատկապես ձմռանը շատ հաճախ դառնում է անանցանելի, մեքենաներ հերթեր են գոյանում,
- Գյուղը գազաֆիկացված չէ,
- Դպրոցը վերանորոգված չէ, օրինակ՝ չունի գրադարան և դպրոցի գրքերը պահվում են գյուղացիներից մեկի տանը,
- Ջուրը մաքուր չէ, նույնիսկ չկա պաշար, որ գոնե անասուներին էլ բավականացնի,
- Գյուղում չկա սպորտ դահլիճ կամ, որևէ մարզասրահ, որտեղ երիտասարդները կկարողանան ժամանակ անցկացնել,
- Չկա մանկապարտեզ և գյուղի երեխաները հաճախում են Կուլիկամ գյուղի մանկապարտեզը,
- Գյուղում կա մի փոքրիկ, բայց ոչ այնքան լավ վիճակում գտնվող սրահ, որտեղ իրականացվում են հուղարկավորություններ, իսկ հարսանիքները տեղի են ունենում գյուղից դուրս (Ախալքալաքում),
- Ինձ համար ամենակարևորը՝ գյուղում շատ են մատուռներ, խոնարհված եկեղեցիներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն հատկացվի։ Էլ ի՞նչ քրիստոնյա, եթե մեր սեփական ազգը, կրոնը խորհրդանշող վայրերն ավերված են,
- Ու ամենավատը՝ գյուղում չկա գոնե մեկ խանութ, գյուղացիները մեկ լուցկու կամ հացի համար, ստիպված են լինում հասնել մինչև Կարտիկամ գյուղ կամ Ախալքալաք։
Այսպիսի պայմաներում ապրելը շատ դժվար է, բոլորս էլ գիտենք՝ հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ մարդիկ սիրում են ապրել ապահով և առանց որևէ դժվարության, սակայն այս ամենի մեջ այս գործը դժվարանում է:
Չնայած գյուղի այդ վիճակին, գյուղացիներն ունեն շատ գեղեցիկ ավանդույթ, վարդավառի նախօրեին գյուղի երիտասարդները բարձրանում են Աբուլ լեռան գագաթին և այդտեղից դիմավորում արևածագը, քարերի վրա փորագրում ամսաթիվը և հետաքրքիր ժամանակ անցկացնում:
Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներկան և ինչու ոչ ապագան մեր՝ երիտասարդներիս ձեռքերում է։
Ու ես ամենաշատը կցանկանայի, որ մեր օրվա խնդիրը լիներ այսօր ինչ անենք մեր գյուղի զարգացման համար խոսքը, այլ ոչ թե՝ այսօր որ նկարը գցենք instagram, որ շատ լայք հավաքի:
Համայնքը, բոլոր գյուղերը և մեր ամբողջ Ջավախքը մեր փոքրիկ հայրենիքն է, իսկ հայրենիքի համար մարդիկ կյանքեր են տալիս, եկեք մենք էլ փորձենք գոնե մեկ բան տալ մեր համայնքին և մեր շրջապատին:
Եթե ես ունենայի հնարավորություն, ապա մի փոքր կփորձեի փոխել այս և այս գյուղի նման շատ ու շատ գյուղերի ապրելակերպը, քանի որ մենք չգիտենք, թե ինչ է զգում այն երեխան, որը կողքի գյուղի մանկապարտեզն է հաճախում, այն ծերունին, որը փոխանակ իր ցավերի մասին մտածի, անում է ամեն բան, նույնիսկ իր առողջությանը հակառակ, միայն թե նրա զավակներն այդ օրը տաք վառարանի շուրջ նստեն, այն երիտասարդները, ովքեր լռում են, երբ մի քանի զարգացած գյուղերի երիտասարդներ հպարտանում են իրենց գյուղի հաջողություններով:
Հեղինակ՝ Քրիստինա Օքրոյան, Ախալքալաքի շրջանի գյուղ Կարտիկամ
Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: