Ի՞նչ էր պլանավորել Իվանիշվիլին կամ ի՞նչ է կատարվում Վրաստանում

Այս տարվա հունիսի վերջին Թբիլիսիում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալի պատճառով Վրաստանում բողոքի մեծ ալիք բարձրացավ, որից հետո նախ հրաժարական տվեց խորհրդարանի խոսնակը: Հունիսի 20-ին ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով վիրավորվեց 240 մարդ, 2 հոգի կորցրեց աչքը, բերման ենթարկվեց՝ մոտ 300-ը:

Ցուցարարներն օրեր շարունակ իշխանությանը ներկայացնում էին երեք պահանջ․ 1. 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, 2. այդ ժամանակ ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը և 3. ազատ արձակել բախումների ընթացքում ձերբակալվածներին:

Հունիսի 24-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հանդես եկավ հայտարարությամբ, որով բավարարվեց ցուցարարների առաջին պահանջը: Իվանիշվիլին հայտարարեց, որ 2020 թվականից ընտրությունները կանցկացվեն համամասնական համակարգով: Ինչ վերաբերում է մնացած երկու պահանջներին, դրանք չբավարարվեցին, ավելին՝ ՆԳ նախարար Գիորգի Գախարիան նշանակվեց Վրաստանի վարչապետ:

Նոյեմբերի 12-ին խորհրդարանն անցավ խոստացված սահմանադրական փոփոխությունների օրինագծի քննարկմանը: Այս անգամ Վրաստանի խորհրդարանում միացվեցին բարձրախոսներ, որոնք տարիներ շարունակ մեկ բառ անգամ չէին ասել: Խոսքը «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորների մասին է:

Քննարկումների ընթացքում հայտնի դարձավ, որ իշխող կուսակցության շարքերում օրինագծի ընդունման վերաբերյալ կա տարակարծություն և, իհարկե վտանգ, որ օրինագիծը կտապալվի:

Այդ իսկ պատճառով իշխող կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկին խորհրդարանի խոսնակից խնդրեց հետաձգել նիստը, որպեսզի խորհրդարանական մեծամասնությանը հնարավորություն տրվի առանձին նիստ անցկացնել և ընդհանուր հայտարարի գալ:

Այսպիսով, «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում երկու նիստ անցկացվեց և նոյեմբերի 14-ին խորհրդարանում վերջապես պարզ պետք է դառնար, թե ինչ որոշում է կայացվել կուսակցությունում: Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր 113 ձայն, ողջ խորհրդարանական ընդդիմությունը կողմ էր օրինագծին, այսինքն որոշիչն իշխող կուսակցության ձայներն էին:

Քվեարկությունն անցկացվեց, օրինագձին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ՝ 3-ը, իսկ ձեռնպահ մնաց 37 պատգամավոր: Արդյունքում օրինագիծը տապալվեց և նորից Թբիլիսիում մեկնարկեց ցույց ընդդեմ իշխանության:

Իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին քիչ անց հայտարարություն տարածեց. «Ես՝ որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, ևս մեկ անգամ հաստատում եմ, որ եղել եմ և շարունակում եմ կողմ լինել 2020 թվականին համամասնական համակարգին անցնելուն: Ի սրտե ցավում եմ, որ դա տեղի չունեցավ»,- գրել է Իվանիշվիլին:

Ընդդիմության կարծիքով, սա Իվանիշվիլիի կազմակերպած «հերթական բեմականացումն» էր, և եթե նա իրոք ցանկանար որպեսզի օրինագիծն անցներ, կկարողանար կուսակցության ներսում համաձայնության հասնել: Իսկ այս քայլով նա ցույց տվեց, որ ամեն ինչ արել է, սակայն կուսակցության ներսում բազմաթիվ մեծամասնական պատգամավորներ դեմ էին օրինագծին և օրինագիծը տապալվեց:

Հատկանշական է, որ վերջին օրերին օրինագծի քննարկման ժամանակ ակտիվացել էին հիմնականում այն մեծամասնական պատգամավորները, ովքեր հանրության համար անհայտ էին և իհարկե՝ Բիձինա Իվանիշվիլիի մտերիմները, օրինակ Կախա Օքրիաշվիլին, Դաչի Բերաիան, Դիմիտրի Խունդաձեն և այլն:

Եվ վերջում, ովքե՞ր են բողոքում և ի՞նչ են ուզում: Վրաստանի ընդդիմության առաջնորդների խոսքով, տեղի է ունեցել անհնարինը: Բիձինա Իվանիշվիլին իր քայլերով միավորել է բոլոր ընդդիմադիրներին, որոնք տարիներ շարունակ իրար են հակառակվել:

Ցուցարարները երեկ՝ նոյեմբերի 14-ին ներկայացրեցին հիմնական պահանջները, որոնք ձեռք են բերել ընդհանուր քննարկումների արդյունքում, որին մասնակցում էին բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական կազմակերպություններն ու ակտիվիստները:

Պահանջները հետևյալն են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համամասնական կարգով ընտրություններ և անցումային կառավարություն:

Համամասնական ընտրակարգի թեմային ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Համամասնական ընտրություններ 2020-ից. ի՞նչ ռիսկեր է ենթադրում 0 տոկոսանոց շեմը և Ինչ է ենթադրում «Վրացական երազանքի» առաջարկը, ինչպես կբաժանվեն մանդատները 2020-ին հոդվածներում: