Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլիի հայտարարությամբ՝ միջգերատեսչական խորհուրդը քննարկում է լրացուցիչ մասնակի սահմանափակումների հարցը, որոնք հնարավոր է սահմանել կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար:
Նախարարի խոսքով՝ լրացուցիչ սահմանափակումների շարքում կարող են լինել օրինակ երեկոյան և գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև ազատ օրերին, կամ շաբաթվա մեջ մեկ օր տրանսպորտի դադարեցումը, տարբեր տեսակի առևտրի կենտրոնների և շուկաների աշխատանքի դադարեցումը:
«Բոլոր այս միջոցառումները մասնակի սահմանափակումներ են և կօգտագործվեն այնտեղ և այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- հայտարարել է Ցքիտիշվիլին:
Վրաստանում նոյեմբերի 4-ից արդեն գործում են մի շարք սահմանափակումներ:
- Բաց և փակ տարածքներում պարտադիր է դիմակ կրելը,
- Խոշոր քաղաքներում ուսումնական գործընթացն ընթանում է հեռավար ռեժիմով,
- Ռեստորաններին թույլատրվում է աշխատել միայն մինչև երեկոյան ժամը 22:00-ը: