Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. գյուղ Խավեթ

Մոռացված, թե՞ հիշելու ցանկություն չառաջացնող գյուղ…

Ողջու՜յն:

Ես Հասմիկն եմ: Աղջիկ՝ մի հեռավոր, բայց վաղեմի գյուղից և ուզում եմ ներկայացնել իմ համայնքը, որտեղ ծնվել, մեծացել ու ապրում եմ:

Ես ապրում եմ Ախալքալաքի շրջանի Խավեթ գյուղում: Երևի գյուղիս անունը շեշտելիս շատերը նույնիսկ զարմանում են, որ այդպիսի գյուղ գոյություն ունի:

Հեռավո՜ր, սարերով ու ձորերով շրջապատված, խելացի երիտասարդներով, բարի և հյուրասեր մարդկանցով լցված, կարծես մի պահ աշխարհից կտրված, բայց և սիրելի մի փոքրիկ գյուղ եմ ուզում ներկայացնել:

Ինչպես շատերը, ես նույնպես կսկսեմ գյուղս գովելով: Դե ի՞նչ գովեմ, այն առանձնանում է սքանչելի բնությամբ ու գեղեցկությամբ: Գտնվում է քաղաք Ախալքալաքից 32 կմ հեռավորության վրա: Բայց եթե սկսեմ խոսել գյուղումս եղած խնդիրներից, երևի չվերջացնեմ, բայց կփորձեմ առանձնացնել ամենակարևորները:

Գյուղում ապրող յուրաքանչյուր երիտասարդի համար առաջնային խնդիրը ճանապարհի նորոգված չլինելն է: Մեզ քաղաք հասնելու համար մեկ ժամ է պահանջվում, եթե եղանակն էլ վատ եղավ՝ ավելի երկար է տևում: Գյուղում չկա հասարակական տրանսպորտ, այդ իսկ պատճառով բոլորս ստիպված մեր սեփական մեքենաներն ենք օգտագործում քաղաք հասնելու համար: Ճանապարհների վատ լինելու պատճառով անգամ շտապ օգնությունն է տրտնջում գյուղ հասնել, մինչև հասնում է, հիվանդն էլ մահանում է:

Գյուղում չունենք բնական գազ, դա էլ մի մե՜ծ խնդիր է գյուղացիներիս համար: Չկա նաև մանկապարտեզ և գյուղի փոքրիկ ու խեղճ երեխաները ստիպված մեծանում են ցեխից թխվածքաբլիթներ, աթարներից էլ տունիկներ պատրաստելով, սպասելով, թե երբ են լինելու յոթ տարեկան, որպեսզի հաճախեն դպրոց:

Դպրոցը մեր գյուղի ամենալուսավոր կետն է, որտեղ մուտք գործելով, կարծես մի պահ մոռանում ենք նշված խնդիրների մասին: Դպրոցում ունենք բոլոր հնարավությունները լավ ուսում ստանալու համար, ինչի համար շնորհակալ ենք մեր տնօրենին: Բայց չնայած այդպիսի լավ հնարավորություններին, ունենք կարևոր առարկաների ուսուցիչների պակաս, նրանք էլ իմանալով գյուղի վիճակի մասին՝ հրաժարվում են գալ մեզ մոտ և դասավանդել:

Դպրոցը միակ վայրն է, որտեղ պատանիները կարող են որոշ ժամանակ հետաքրքիր ժամանակ անցկացնել, իսկ երիտասարդների համար չկա ոչ մի հնարավորություն ժամանակ անցկացնելու համար։ Գյուղում չունենք ինչ-որ խմբակներ՝ պարի, նկարչության, երիտասարդական կենտրոն, չունենք նաև սպորտ դահլիճ: Դրանք էլ մեր երիտասարդների ցավոտ խնդիրներն են:

Չունենքները կարծես շատ թվացին, բայց սա ցավոտ իրականություն է: Գյուղում չկա նաև խանութ կամ դեղատուն: Խանութի պակասը գյուղացիները մեկը մյուսին օգնելով են լրացնում, իսկ դեղատան պակասը մեծ խնդիր է: Այս համաճարակի շրջանում, եթե յուրաքանչյուր տուն սկզբից պահած դեղամիջոցներ չունենա, ստիպված հիվանդի վիճակը ավելի է բարդանալու, մինչև քաղաք հասնենք:

Սրանք երևի ամենաբարդ խնդիրներն էին շա՜տ ու շա՜տ այլ խնդիրների միջից:

Տրված խնդիրների մասին շատ անգամ ենք հայտնել տարբեր լրատվամիջոցների, որպեսզի լուսաբանեն, դիմել ենք նաև տեղական մարմիններին, բայց, ինչպես տեսնում ենք, արդեն երկար տարիներ ոչինչ չի փոխվում: Գյուղացիները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի գոնե փոքր չափով այս խնդիրները լուծում ստանան, բայց մեզ պետք է օգնություն ու աջակցող ձեռք, որը միայն պետությունը կարող է դառնալ:

Գյուղում շատերն ունեն հնարավորություն, որպեսզի թողնեն և հեռանան դեպի քաղաք, երիտասարդներն ու ուսանողներն ապագայում նույնիսկ գյուղում մնալու մասին չեն ուզում մտածել, բայց հենց ցավն էլ դա է, որ բոլորս էլ կարող ենք թողնել և հեռանալ գյուղից, ձգտել դեպի զարգացած ու լուսավոր կյանքի, բայց այս փոքրիկ ու հեռավոր բնօրրանին ու՞մ թողնենք:

Չնայած գյուղում եղած խնդիրներին, գյուղացիները սիրով, համերաշխ ու մեկը մյուսին օգնելով շարունակում են ապրել, սպասելով, որ մի օր էլ մեր գյուղի՝ Խավեթի մասին կհիշեն, իսկ խնդիրներին ուշադրություն կդարձնեն:

Այսքան խնդիրներից դժվար է ընտրել երկուսը կամ երեքը, որոնք հնարավորության դեպքում կարելի է լուծել, բայց և այնպես իմ համայնքում՝ գյուղումս, հնարավորության դեպքում ամենասկզբից ճանապարհը կվերանորոգեի և գազաֆիկացման խնդիրը կլուծեի, սրանք երևի այն կարևոր խնդիրներն են, որոնք հուզում են շատերին: Երեխաների համար մանկապարտեզ չլինելու խնդիրը կլուծեի, որ վերջապես ոչ միայն մեր գյուղի, այլ նաև հարևան գյուղերի երեխաներն էլ աթարից տունիկներ պատրաստելուց բացի, տետրերի մեջ նկարել սովորեին: Երիտասարդների համար շա՜տ ու շա՜տ խնդիրներ կլուծեի մեր համայնքում, որոնցից են՝ երիտասարդական կենտրոնի, սպորտդահլիճի, խանութի և դեղատան բացակայությունը:

Իմ կարծիքով այսպես երազելն ու մտածելը քիչ է, եթե չկա աշխատանք, դրա համար փորձում եմ լինել այն երիտասարդներից մեկը, ով ոչ միայն խոսքերով, այլև գործելով կփոխի և կլուծի իր համայնքում ինչ-որ խնդիրներ և իրադարձություններ:

Հեղինակ՝ Հասմիկ Պետրոսյան, Ախալքալաք, գյուղ Խավեթ

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: