Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. գյուղ Դամիա

Դամիա գյուղի անհայտ ապագան

Երբ երազանքները կդառնան իրականություն…

Ողջույն, ես Թամարան եմ, ապրում եմ Վրաստանում, Մառնեուլի շրջանի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ Դամիայում:

Գյուղը շրջապատված է գեղեցիկ լեռներով ու անտառներով, որոնք խորհրդավոր տեսք են հաղորդում նրան:

Գյուղի գեղեցկությունը, բնակիչների հյուրասիրությունն ու բարեսրտությունը տեսնելու համար պետք է գոնե մի անգամ գտնվել Դամիայում:

Մենք ապրում ենք 21-րդ դարում, և մեզնից յուրաքանչյուրն իր սրտի խորքում ցանկանում է իր բնակավայրը տեսնել բարեկարգված, զարգացած ու փայլուն ապագայի հեռանկարով:

Կարծում եմ մեզնից յուրաքանչյուրը պետք է ջանք չխնայի դրանք իրագործելու հարցում: Լինում է ժամանակ, երբ ես մտածում եմ, թե ինչ կանեի իմ գյուղի համար, եթե ինձ տրվեր հնարավորություն:

Չնայած նրան, որ իմ գյուղը մոտիվացված է և օր-օրի առաջ է գնում, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնց լուծման դեպքում կբարելավվի գյուղացիների կյանքը, իսկ ապագան կդառնա ավելի հուսալի:

Գյուղացիների հիմնական աշխատանքը հողագործությունն է: Շատերը հենց այս ճանապարհով են վաստակում իրենց հացը:

Սակայն իմ գյուղը գտնվում է այնպիսի կլիմայական գոտում, որտեղ հազվադեպ են անձրևները, իսկ ձմռանը երեխաները երազում են ձյան մասին: Այս պայմաններն էլ նպաստում են նրան, որ շատ հաճախ գյուղացիների տքնաջան աշխատանքն ավարտվում է չորացած կամ ոչ բավարար բերքով: Ամեն տարի կրկնվող երաշտը դառնում է գյուղի բնակիչների հուսահատության պատճառ: Կուտակված պարտքերից ազատվելու, կյանքը բարելավելու համար նրանցից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի, ոմանք էլ բնակություն են հաստատում այնտեղ. այսպիսով, հետզհետե դատարկվում է իմ գյուղը:

 

 

 

 

 

 

 

Այս ամենն ինչ-որ չափով կկանխվի, եթե լուծվի ոռոգման ջրի խնդիրը: Գյուղի անվանումն էլ հենց կապված է իր հիմնական խնդրի հետ, Դամիա՝ «չոր, անջուր»: Եթե հողերը ապահովվեն ոռոգման ջրով, ապա համոզված եմ, որ իմ գյուղի աշխատասեր գյուղացիները երաշտից չորացած հողերը կվերածեն դրախտի:

Բացի ոռոգման ջրից, գյուղացիները ունեն նաև խմելու ջրի խնդիր: Բնակչության մեծ մասն օգտվում է գյուղի վերևում գտնվող աղբյուրից: Սակայն ամռան շոգերից այդ աղբյուրը նույնպես ցամաքում է, և հաճախ գյուղացիները խմելու ջուր բերում են հարևան գյուղերից: Չնայած դրան, նրանք համբերատար և անտրտունջ հաղթահարում են իրեց առաջ ծառացած խնդիրները:

Բազմիցս մտածել եմ ու հասկացել, որ գյուղի զարգացման մեջ մեծ դեր ունի յուրաքանչյուրիս ներդրումը:

Գյուղի անունը բարձր պահելու համար ջանք չի խնայում դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը: Դպրոցի տնօրենը փորձում է ստեղծել հնարավոր ամեն պայման, որպեսզի աշակերտները հաճախեն հարմարավետ դպրոց: Սակայն չնայած բոլոր ջանքերին, այդպես էլ լուծում չի գտնում դպրոցի ջեռուցման հետ կապված խնդիրը: Դասասենյակները տաքացվում են վառարաններով, որը և՛ վտանգավոր է ինչ-որ չափով, և՛ ծախսատար: Բացի այդ, վառարաններով տաքացումը հաճախ ազդում է դասապրոցեսի վրա: Քամու պատճառով առաջացած ծուխը հաճախ ստիպում է դադարեցնել դասպրոցեսը:

Հնարավորության դեպքում, կհետևեի, որպեսզի այդ խնդիրը նույնպես լուծվեր:

Երբ խոսքը վերաբերում է ապագային, առաջին պլանում են հայտնվում նաև երիտասարդ սերնդի զարգացմանը խանգառող խնդիրները: Ընկերասեր ու կյանքով լեցուն երեխաները սիրում են վազել, հեծանիվ վարել և ֆուտբոլ խաղալ: Նրանց այս ամենն իրականացնելու միակ վայրը գյուղի փողոցներն ու կենտրոնն են: Սակայն սա բավականին վտանգավոր է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ նրանց համար: Այս ամենից խուսափելու համար ցանկալի կլինի, որ գյուղն ունենա սպորտդահլիճ կամ որևէ հարմարավետ վայր, որտեղ կարող են մարզվել և ավելի օգտակար ձևով անցկացնել իրենց ժամանակը (ինքս էլ հաճույքով կմարզվեի): Եվ ինչու ոչ, սա կարող է հիմք հանդիսանալ, որ ապագայում երեխաները հասնեն մեծ հաջողության, և գյուղը հպարտանա նրանցով:

Ասելիքս մոտեցավ ավարտին․․․ Կարծում եմ յուրաքանչյուր խնդիր դժվար է, բայց ոչ անլուծելի: Երբ երազանքը դառնում է կյանքի նպատակ, քայլ առ քայլ փորձում ես այն իրագործել և ի վերջո հասնում ես հաջողության, թեկուզ դժվարությամբ, բայց՝ անպայման․․․

Բազմաթիվ խնդիրների մեջ շատ կարևոր է հարգել ու շատ սիրել միմյանց. սա կլուծի թերևս ամենակարևորը՝ հոգեկան միասնությունը, իսկ մնացածը ժամանակի հարց է…

Հեղինակ՝ Թամարա Սարգսյան, գյուղ Դամիա

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: