Ալիք Մեդիան շարք է մեկնարկում, որտեղ ներկայացնում է քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու ներկայացուցիչների հետ մեր հարցազրույցերի արդյունքները: Ծրագրի շրջանակներում, Ալիք Մեդիայի թիմի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել Վրաստանի էթնիկ հայ բնակիչների հետ, ուսումնասիրել նրանց կարիքներն ու պահանջները քաղաքական կուսակցությունների նկատմամբ, ինչի արդյունքում էլ ստեղծվել են հարցաշարերը, որոնք կիրառվել են հարցազրույցերում:
Կուսակցությունների ներկայացուցիչները խոսում են այն մասին, թե ինչ են խոստանում էթնիկ հայերին, ինչպես են պատասխանում նրանց խնդիրներին ու ինչպես են պատրաստվում լուծել դրանք: Սկսած լեզվի խնդրից, ավարտած՝ կարտոֆիլի իրացման հարցով:
Ներկայացնում ենք «Վրաստանի համար» կուսակցության Սամցխե Ջավախեթիի ներկայացուցիչ Սոթիո Խորգուանիի հարցազրույցը: Ի դեպ Խորգուանին նախընտրական քարոզարշավն իրականացնելու նպատակով տեղափոխվել է Ախալցիխե, դռնեդուռ շրջել ու զրուցել բնակիչների հետ: Հարցազրույցը ձայնագրվել է Սեպտեմբերին:
«Եթե ընդհանուր խոսեմ Սամցխե-Ջավախքի մասին, ապա այն, իմ կարծիքով, Վրաստանում ամենաակնառու և ամենահետաքրքիր շրջաններից մեկն է։ Վստահ եմ և հավատում եմ, որ եթե այս շրջանը լինի ամենաուժեղը, ամենազարգացածը, հարուստը, ապա մնացած Վրաստանն էլ ավելի շուտ կդառնա զարգացած, հարուստ և ուժեղ։ Դա շրջան է, որտեղից միշտ սկիզբ է առել Վրաստանի պետությունը և այս շրջանը միշտ առանձնահատուկ դեր է ունեցել։ Պատմականորեն ամենաշատն է ճնշվել և ամենաշատ իրադարձությունների միջով է անցել, և այսօր այնպիսի զգացողություն ունեմ, ասես՝ Վրաստանի մնացած տարածքն այսպիսին որ ունենք, հենց այս շրջանի մեծ վաստակն է»:
Խորգուանին ծնվել և մեծացել է Աբխազիայում, հայերի շրջապատում։ Առաջին տպավորություններն իր մոտ հարևաններից են, յուրահատուկ զգացմունքներ ունի նրանց հանդեպ։
«Աբխազիայից որ եկանք, նրանք էլ գնացին,առանց մեզ չմնացին․ սա շատ բան է ասում։ Իմ անձնական պատմությունն այն է, որ երբ մենք պատերազմի ժամանակ եկանք Աբխազիայից, իմ մայրը մնաց այնտեղ, և իմ մայրիկի ընկերները, հարևանները՝ հայերը, նրա մոտ էին գիշերում, որ զինյալները, ովքեր այնտեղ էին, չգային և նրան վնաս պատճառեին։ Եվ ես միշտ ունեմ այն զգացումը, որ հայերի շնորհիվ է, որ այսօր իմ մայրը ողջ է»:
Խորգուանին կարծում է, որ Սամցխե-Ջավախք տեղափոխվելով իր շնորհակալությունը կհայտնի ու իր պարտքը կտա էթնիկ հայերին։ Նա ասում է, ժողովուրդը Սամցխե Ջավախքում ասես ինչ որ կերպ մեկուսացված լինի:
«Փորձում են բետոնի նման ամրապնդեն կարծրատիպը, որ որտեղ էթնիկ փոքրամասնություններն են ապրում, ապա դա անպայման իշխանության համար ոչխարի հոտ է։ Գտնում են, որ իշխանությունը պարտադիր պետք է ստանա փոքրամասնությունների ձայները, կամ կեղծի ձայները, քանի որ ամենահեշտն այնտեղ կեղծելն է, սակայն սա էլ կարծրատիպ է, ես հավատում եմ, որ դա փոխվում է և ես ուզում եմ օգնեմ, որ ավելի շուտ փոխվի այս իրավիճակը։ Եվ էլի մի բան, որ ինձ դուր չի գալիս, սակայն այնտեղ է այդ տրամադրվածությունը, որն ինձ անհանգստացնում է, այն է, որ այնտեղ ժողովուրդը մտածում է, թե իրենց ձայնը ոչ մի նշանակություն չունի․ կարծում են, որ փոքրամասնություն են ու իրենց կարծիքը նշանակություն չունի:
Վրաստանի քաղաքացիները, կապ չունի, թե ինչ ազգության են, պետք է հավատան, որ իրենց ձայնը, իրենց խոսքը, իրենց ուժն այն ուժն է, որին պետք է ենթարկվեն այն մարդիկ, ում մենք ժամանակավորապես վարձում ենք։ Ես ուզում եմ դա իմ օրինակով ցույց տամ, ուզում եմ ցույց տամ, որ իսկապես հնարավոր է լինել ժողովրդի ծառան, և դա իսկապես սեր է այդ ժողովրդի հանդեպ»,- ասում է նա: