Այսօր` մարտի 22-ին Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարականից հետո առաջին անգամ դուրս եկավ հանրային տարածք և լրագրողների հետ կիսվեց իր առաջիկա ծրագրերի մասին:
Նրա խոսքով, իր հեռանալուց հետո բազմաթիվ բամբասանքներ են պտտվում, մինչդեռ ինքը ոչ մի տեղ չի պատրաստվում գնալ, ավելին՝ քաղաքականությունից նույնպես չի պատրաստվում հեռանալ: Գախարիան այս հայտարարությունից հետո նույն խոսքը գրեց նաև իր պաշտոնական էջում՝ վերահաստատելով, թե չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ:
Նախկին վարչապետի այս հայտարարությունից հետո ակտիվ քննարկումներ սկսվեցին նրա քաղաքական ծրագրերի և պլանների մասին:
Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` անդրադառնալով Գախարիայի հայտարարությանը, նշել է, թե նրան հետ են կանչել արձակուրդից, որպեսզի իրականացնի առաքելությունն ու ստեղծի «Երազանք 2»-ը:
«Ուրբաթ օրը ես ասացի, որ լավ կլիներ, եթե Վրաստանում ի հայտ գար ուժեղ այլընտրանքային քաղաքական ուժ: Չսպասեցին և երկուշաբթի Գախարիային հանեցին արձակուրդից, որպեսզի իրականացնի առաքելությունն ու ստեղծի «Երազանք 2»-ը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
«Վրացական երազանքի» նախկին անդամ Էկա Բեսելիան էլ մեկնաբանելով նախկին վարչապետի հայտարարությունը, նշել է, որ ունի երկու տարբերակ, սակայն չի շտապում գնահատականներ տալ:
«Հետևենք իրադարձություններին և պարզ կդառնա` սա արդյո՞ք Իվանիշվիլիի ծրագիրն է, որն ավելի վաղ խոսում էր այլընտրանք ստեղծելու մասին, թե սա լրիվ այլ պրոյեկտ է: Գախարիային ճանաչելով հանդերձ, ես գիտեմ, որ նա այս որոշումը միայնակ չէր ընդունի եթե նրա հետևում որևէ մեկը կանգնած չլիներ»,- հայտարարել է Բեսելիան:
Իշխող թիմում մի շարք պատգամավորներ ողջունել են նախկին վարչապետի հայտարարությունն ու պատրաստակամությունը մնալ քաղաքականությունում: Գախարիայի նախկին թիմակիցները կարծում են, որ նրա տեսքով ընդդիմադիր գործիչ ունենալը երկրին միայն դրական ազդեցություն կտա:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Սալոմե Սամադաշվիլիի խոսքով, Գախարիան չի կարող ստեղծել որևէ քաղաքական ծրագիր, որը կկարողանա մրցակցության մեջ մտնել մնացած ընդդիմության հետ:
«Եթե նա պատրաստվում է քաղաքական ծրագիր իրականացնել, ապա սա կլինի քաղաքական ծրագիր, որի հետևում կանգնած կլինի Բիձինա Իվանիշվիլին և որի գլխավոր նպատակը կլինի փոխարինել արդեն սպառված «Վրացական երազանքը»: Այսինքն, սա կլինի այլընտրանքային հենարան Բիձինա Իվանիշվիլիի համար` վրաց քաղաքականությունում մնալու գործում» — հայտարարել է Սամադաշվիլին:
Մեկ այլ ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով, եթե Գախարիային տեսնեն որպես ընդդիմադիր առաջնորդ, վրաստանյան քաղաքական կյանքն ավելի հետաքրքիր կդառնա:
«Շատ հետաքրքիր է` ինչպես կլինի նախկին վարչապետը ընդդիմադիր առաջնորդի դերում: Ասում են, որ նա որոշակի հենարաններ ունի գործող խորհրդարանում: Նա լուրջ գործիչ էր: Կկարողանա՞ արդյոք ընդդիմադիր լուրջ գործիչ լինել՝ ժամանակը ցույց կտա»,- հայտարարել է Էլիսաշվիլին:
Այսօր Գախարիան լրագրողների հետ զրույցում նշեց, որ շուտով կհայտարարի իր առաջիկա ծրագրերի մասին և բոլոր հարցերին կտա պատասխան:
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։