
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունների վարքականոն է մշակել։ Փաստաթղթի տակ արդեն ստորագրել է ընդդիմադիր կուսակցությունների մի մասը, ինչպես նաև իշխող կուսակցությունը։
Ի՞նչ է գրված կուսակցությունների համար ստեղծված վարքականոնում
Փաստաթղթի համաձայն՝ կուսակցությունները համաձայնվում են, որ․
- չեն օգտագործելու ատելության խոսք, այլատյացություն և սպառնալիք պարունակող հայտարարություններ,
- նպաստելու են խաղաղ ընտրական միջավայր ստեղծելուն, չեն դիմի բռնության, ոչ էլ բռնության կոչերով հանդես կգան․
- չեն խանգարելու մրցակցի նախընտրական քարոզարշավի միջոցառումների ընթացքին և քարոզչական նյութեր տարածելուն․
- չեն օգտագործելու և կանխամտածված չեն տարածելու ապօրինի ձեռք բերված տեղեկություն մրցակցի մասին, ինչպես նաև չեն կեղծելու դրանք․
- չեն օգտագործելու կեղծ էջեր սոցիալական ցանցերում հասարակության վրա ազդեցություն գործելու համար,
- չեն օգտագործելու վարչական միջոցներ ընտրություններին առավելություն ձեռք բերելու համար․
- ԶԼՄ-ներին չեն տրամադրելու զրպարտչական և անհիմն լուրեր այլ քաղաքական սուբյեկտների և նրանց անդամների մասին։
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը արդեն ստորոգրել է նշված վարքականոնը և կոչ է արել մնացած կուսակցություններին նույնպես ստորագրել։ Միավորված ընդդիմությունը այսօր հանդիպում է անցկացնում, ինչից հետո նրանք պատրաստվում են միասնաբար ստորագրել այն։