Հվ. Օսիայում հուսով են՝ Թբիլիսին աղետալի սխալներ թույլ չի տա

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքելով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը՝ հույս է հայտնել, որ Վրաստանի ներկայիս քաղաքական և ռազմական ղեկավարությունը խոհեմ և պրագմատիկ կգտնվի՝ թույլ չտալու այնպիսի սցենարներ, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խնդիրները՝ կապված Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ, պետք է լուծվեն Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի կնքման հետ միասին:

«Վրաստանի կառավարության՝ հակառուսական պատժամիջոցներին չմիանալու և Ռուսաստանի հետ ռազմական առճակատման մեջ ներքաշելու Վրաստանի որոշ «բարեկամների» անհաջող փորձերի ֆոնին, նման բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունները, անկասկած, վկայում են այն մասին, որ Վրաստանում լուրջ ներքաղաքական ճգնաժամ կա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դե ֆակտո ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին խորհուրդ է տվել հաշտվել տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրականության հետ, «հետևել Զուրաբիշվիլիի խորհրդին՝ առնվազն իրենց համար պարզաբանելու, թե որտեղով են անցնում Վրաստանի սահմանները»։