Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի նախաձեռնած բանաձևի ընդունումը:
Նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ «նախարարությունը դատապարտում և անընդունելի է համարում բանաձևի ընդունումը, քանի որ այն արտացոլում է միակողմանի քաղաքական մոտեցում, որը կապ չունի բռնի տեղահանվածների խնամքի հետ»:
Ըստ դե ֆակտո նախարարության՝ այդ «պատմությունը հիշում են նաև էթնիկ վրացիները, ովքեր միտումնավոր և կամավոր լքել են Հարավային Օսիայի տարածքը 1990-ականներին՝ նախքան ռազմական գործողությունները և 2008 թվականի օգոստոսյան պատերազմը»։
«Միևնույն ժամանակ, 1990 թվականից ի վեր շուրջ 100 հազար էթնիկ օսեր Վրաստանից հեռացել են Հարավային Օսիա՝ էթնիկ զտումներից և ագրեսիայից խուսափելու համար՝ դառնալով փախստականներ, որոնց ճակատագիրն այսօր չի անհանգստացնում հավաքական Արևմուտքին»։
Դե ֆակտո ԱԳՆ-ն անդրադարձել է նաև Հարավային Օսիայի օկուպացման հարցին՝ ասելով, որ «Հարավային Օսիան ինքնիշխան պետություն է, այլ ոչ թե օկուպացված»։
«Վրաստանը բառացիորեն օկուպացրել է բնիկ օսական հողերը՝ այսպես կոչված Կազբեգի շրջանը, որտեղ զանգվածաբար ոտնահարվում են մարդու իրավունքները: Այս հողերից վտարված օսերին արգելվում է այցելել իրենց տներ, նախնիների գերեզմաններ, ինչի մասին Վրաստանի կառավարությունը և նրա արևմտյան ընկերները չեն խոսում ՄԱԿ-ում»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ՄԱԿ-ում, որտեղ օսական կողմը ներկայացված չէ, փախստականների հարցերի քննարկումը կորցնում է իր օբյեկտիվությունը և չի նպաստում տարածաշրջանում կայունությանն ու արդար որոշումներին։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 15-րդ անգամ ընդունել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջաններից փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձևը:
Կարդացեք նաև՝