«Ես հույս եմ հայտնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկան և ի վերջո կպսակվի պատշաճ համաձայնագրով»,- Երևանում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետն ասել է՝ Վրաստանը պատրաստ է իր դրական դերը խաղալ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացներում։
«Մենք հանգամանալից զրույց ունեցանք տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին և ընդգծեցինք մեր համատեղ ջանքերի կարևորությունը մեր տարածաշրջանի մարտահրավերներին դիմակայելու գործում։ Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը»,- ասել է Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետը կարևորել է Վրաստանի և ՀՀ-ի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ Կոբախիձեի՝ երկու երկրների համագործակցությունը տեղափոխել է որակապես այլ մակարդակ. «Այս հռչակագիրն առաջին հերթին ուղղված է երկկողմ համագործակցության խորացմանը, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելուն: Այն հիմնված է մեր ընդհանուր արժեքների և սկզբունքների վրա՝ արտահայտելով մեր անսասան աջակցությունն այս արժեքներին»:
Ըստ Վրաստանի վարչապետի՝ ՀՀ վարչապետի հետ խոսել են նաև երկու երկրների համագործակցության տարբեր ասպեկտների, հարթությունների, քաղաքական տեսակետից համագործակցության, առևտրի, տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջության և այլնի մասին. «Իհարկե, այս բոլոր ուղղություններով մեր գործընկերության հետագա զարգացումն ու խորացումը շատ կարևոր են»: