Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Մալթայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Անջելո Ֆարուջայի հետ։
Ըստ տեղեկության՝ հանդիպմանը նշվել է, որ Եվրամիության կողմից Վրաստանի եվրոպական հեռանկարի շնորհմամբ` Վրաստանի և Մալթայի երկկողմ հարաբերություններում առաջացել է կապերի ամրապնդման անհրաժեշտություն։ Ընդգծվել է բարձր մակարդակի այցերի կարևորությունը երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման գործում։
Կողմերը խոսել են խորհրդարանական հարաբերությունների, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովների համագործակցության մասին։ Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցությունը մարդկանց միջև հարաբերությունների, կրթության, ծովագնացության, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Պապուաշվիլին Ֆարուջայի հետ խոսել է Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին Վրաստանի առաջընթացի մասին` նշելով, որ Վրաստանը հաջողությամբ կատարում է Եվրամիության 12 հանձնարարականները: Վրաստանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ տարեվերջին Մալթան կաջակցի Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակի շնորհմանը։
Ֆարուջան Վրաստանի խորհրդարանի պատվիրակության հետ խոսել է Եվրամիությանն անդամակցելու Մալթայի փորձի մասին և հայտնել այդ հարցում Վրաստանին իր երկրի լիակատար ու անվերապահ աջակցությունը։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակության կազմում են պատգամավորներ Նիկոլոզ Սամխարաձեն, Մակա Բոճորիշվիլին, Գիվի Միքանաձեն, Քեթևան Թուրազաշվիլին և խորհրդարանի նախագահի գրասենյակի ղեկավար Լևան Մախաշվիլին: