
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ ասուլիսում լիակատար աջակցություն է հայտնել Վրաստանի եվրոպական և հյուսիսատլանտյան նկրտումներին։
Դուդան խոսել է Ուկրաինայի պատերազմի մասին և ասել, որ Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի Ուկրաինայի տարածքից։
«Մենք ամեն տեսակ օգնություն ենք ցուցաբերում Ուկրաինային։ Այժմ Ուկրաինային անհրաժեշտ է պաշտպանել ռուսական ագրեսիայից։
Մենք գիտենք, որ ազատ ու անկախ երկրներն աջակցում են Ուկրաինային։ Հույս ունենք, որ Ռուսաստանը շուտով կպարտվի և կվերադարձնի իր նվաճած տարածքները ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև այլ երկրներում։ Նաև այս հարցը կտարածվի Վրաստանի օկուպացված տարածքների վրա…»,- ասել է Դուդան։
Դուդան հույս է հայտնել, որ Վրաստանը կստանա Եվրամիության լիիրավ անդամի կարգավիճակ, նաև` կմիանա ՆԱՏՕ-ին։
Նա ընդգծել է՝ Լեհաստանը միշտ աջակցել է Վրաստանի այս ձգտումներին և կշարունակի աջակցել։ Նրա խոսքով, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանին ավելի լավ պայմաններ կտա տնտեսական զարգացման և քաղաքական անվտանգության առումներով։