Այսօր Վրաստանի խորհրդարանը արտահերթ նիստում երրորդ ընթերցմամբ և 117 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ վերջնականորեն ընդունեց սահմանադրական փոփոխությունները: Սահմանադրական փոփոխություններից հետո Վրաստանում այս տարվա աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդարանը կձևավորվի նոր սկզբունքներով:
Մասնավորապես, ըստ հաստատված սահմանադրական փոփոխությունների՝
- Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 120-ը ընտրվելու է համամասնական ընտրակարգով, 30-ը՝ մեծամասնական,
- քաղաքական կուսակցությունները խորհրդարանում մանդատ ստանալու համար պետք է հաղթահարեն 1 տոկոսանոց շեմը,
- եթե կուսակցությունները կազմում են ընտրական բլոկ, ապա խորհրդարան մուտք գործելու համար պետք է հաղթահարեն իրենց քանակի տոկոսային շեմը. օրինակ, եթե 3 կուսակցություն կազմում է բլոկ, ապա վերջինս պետք է հավաքի ավելի քան 3 տոկոս ձայն, որպեսզի ստանա մանդատ,
- ձայների 40 տոկոսը ստանալու դեպքում կուսակցությունը չի ստանա մանդատների 50 տոկոսից ավելին՝ այսինքն 75 մանդատից ավելի: Հետևաբար կուսակցությունը ինքնուրույն չի կարողանա կառավարություն ձևավորել և անհրաժեշտ կլինի կոալիցիոն կառավարություն ունենալ.Կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է նվազագույնը 76 մանդատ,
- փոխվում են մեծամասնական շրջանների սահմանները,
- հեշտացվում է կուսակցությունների գրանցման կարգը. Ընտրություններին կկարողանա մասնակցել կուսակցությունը, որը ԿԸՀ-ին կներկայացնի 5 հազար ստորագրություն,
- եթե մինչև 2024 թվականը Վրաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա կանցկացվեն 2020 թվականին ընդունված 120/30 մոդելով, և խորհրդարանը օրինական կլինի մինչև 2024 թվականը: Օրինակ, եթե 2022 թվականին Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, ապա նորընտիր խորհրդարանը 2 տարվա կյանք կունենա,
- 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները ամբողջությամբ համամասնական ընտրակարգով կանցկացվեն:
2019 թվականի նոյեմեբերի 14-ին սահմանադրական փոփոխությունների օրինագծի տապալումից և Թբիլիսիի ցույցերից հետո Վրաստանի մի շարք արևմտյան գործընկերների՝ Վրաստանում ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանների միջնորդությամբ, Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը բանակցությունների սեղանի շուրջ նստեցին: Մի քանի անհաջող հանդիպումներից հետո, ի վերջո 2020 թվականի մարտի 8-ին կողմերը հասան համաձայնության՝ այս տարվա խորհրդարանական ընտրությունները անցկացնել նախկին խառը՝ մեծամասնական և համամասնական ընտրակարգով, սակայն մեծամասնական պատգամավորների քանակը զգալիորեն նվազեցնելով՝ 73-ի փոխարեն հասցնելով 30-ի, իսկ համամասնականներինը ավելացնելով 43-ով՝ հասցնելով 120-ի:
Ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցությունը խորհրդարանական քննարկումների ընթացքում մնաց բոյկոտի ռեժիմում, իսկ «Եվրոպական Վրաստանը» մասնակցեց միայն առաջին ընթերցմամբ քննարկմանը: Երկու կուսակցություններն էլ իշխանությունից պահանջում էին ազատ արձակել Գիորգի Ռուռուային, որին նրանք քաղբանտարկյալ են համարում: