«Դափիոնի» երիտասարդական շարժումը հունիսի 20-ին Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է ծրագրում: Ցույցը նվիրված է 2019 թվականի «Գավրիլովի գիշերվա» տարելիցին:
Ցույցի կազմակերպիչների կարծիքով՝ յուրաքանչյուր հունիսի 20-ին պետք է հիշեցնել «դավաճան կառավարությանը», որ վրաց ժողովուրդը չի ընդունում Վրաստանի ռուսացումը։
«2019 թվականի հունիսի 20-ին «Վրացական երազանքը» առաջին անգամ լայնամասշտաբ դավաճանեց վրաց ժողովրդին և Գավրիլովին նստեցրեց նախագահի աթոռին, ապա անհամաչափ ուժ գործադրեց և հանեց երիտասարդների աչքերը… («Վրացական երազանքն» իշխանության գալուց ի վեր դավաճանում է վրացական ազգային գաղափարներին),- նշել են կազմակերպիչները:
2019 թվականի հունիսին, երբ Վրաստանում տեղի ունեցավ «Ուղղափառության միջազգային ասամբլեայի» նստաշրջանը, խորհրդարանի նախագահի աթոռը զբաղեցրեց ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։ Փաստին հետևեց հասարակական ընդվզումը, և հազարավոր մարդիկ հավաքվեցին Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ։ Այնուհետև իրավապահները հանրահավաքի մասնակիցներին ուժով ցրեցին։
2019 թվականի հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Ռուսթավելիի պողոտայում և դրա հարակից տարածքում, ըստ պաշտոնական տվյալների, տուժել է 240 մարդ։ Նրանց թվում՝ ավելի քան 30 լրագրող։ Ռետինե փամփուշտներից ստացված վնասվածքներից երկու հոգի կորցրել են աչքը։ Հանրահավաքի ևս մի քանի մասնակիցներ լուրջ վնասվածքներ են ստացել աչքերի և գլխի շրջանում։ Մոտ 80 իրավապահ տեղափոխվել է կլինիկա։
Գավրիլովի՝ Վրաստանում գտնվելու ընթացքում ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի խորհրդարանի նախագահն էր, իսկ Գիորգի Գախարիան՝ ներքին գործերի նախարարը։ Գախարիան «Վրացական երազանքից» հեռացել է 2021 թվականին և հիմնել ընդդիմադիր կուսակցություն։