Վրաստանում հունիսի 1-ից սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստի չափը կհասնի մինչև 150 լարիի (49 դոլար)։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` նշելով, որ այս տարի ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 341 մլն լարի (111 մլն դոլար)։
«Երեխաների մասին հոգալն ու նրանց սոցիալական կարգավիճակը բարելավելը մեր պարտականությունն է, և մենք բազմաթիվ քայլեր ենք ձեռնարկում այս ուղղությամբ։ Մեկ տարի առաջ իմ որոշմամբ կրկնապատկեցինք սոցիալապես անապահով երեխաներին տրվող նպաստի չափը, նախկինում այն կազմում էր 50 լարի (16․5 դոլար) և դարձավ 100 լարի (33 դոլար)։ Այսօր մենք որոշում ենք կայացրել այն հասցնել 150 լարիի (49 դոլար)» — հայտարարել է վարչապետը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ փոփոխությունն ուժի մեջ կմտնի երեխաների պաշտպանության օրվանն ընդառաջ՝ հունիսի 1-ից։
«Վերոնշյալ ծրագրից կօգտվի ավելի քան 215 հազար երեխա։ Նախատեսում ենք նաև այլ ծրագրեր սկսել, որոնք ուղղված կլինեն սոցիալապես անապահով քաղաքացիների աշխատանքի տեղավորմանը և կայունացմանը» — հավելել է վարչապետը։