Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է արել հուլիսի 5-ի իրադարձությունների կապակցությամբ, երբ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հակաարևմտյան խմբավորումները ծեծի ենթարկեցին լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչների։
Նախագահը հայտարարել է, որ հասարակությունը դեռ սպասում է, որը մեղավորները քրեական պատասխանատվության կենթարկվեն։ Նրա խոսքով, այս ընթացքում ավելացել են նման խմբերը, ինչը վատ է ազդում Վրաստանի եվրոպական հեռանկարի վրա։
Զուրաբիշվիլին արձագանքել է նաև հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի նախաձեռնությանը․ վերջինս հայտարարել է, որ սահմանադրական հայց է նախապատրաստելու ռուսամետ «Alt-Info» հարթակի ներկայացուցիչների կողմից ստեղծված «Պահպանողական շարժում» կուսակցության գործունեությունն արգելելու համար։
«Հուլիսի 5-ի դեպքերից մեկ տարի անց հանրությունը դեռ սպասում է մեղավորների՝ դատարանի առաջ հայտնվելուն։
Սա այն իրողությունն է, որի հիման վրա այս շրջանում ամրապնդվեցին ռուսամետ, բռնի, հոմոֆոբ և ագրեսիվ խմբերը։ Դա լիովին անընդունելի է մի երկրում, որի տարածքի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զուրաբիշվիլին։
Նախագահն ընդգծել է, որ հիշյալ խմբավորումների ակտիվացումը վատ է անդրադառնում երկրի եվրոպական հեռանկարի վրա։
«Ոմանք կարծում են, որ դրա պատասխանը պետք է լինի գործունեությունն արգելելը, սակայն ժողովրդավարական սկզբունքներ ունեցող երկրում նման սահմանափակումը պետք է լինի վերջին քայլը՝ հիմնված ամուր իրավական փաստարկներով, որպեսզի կասկած չլինի, որ կա խոսքի և ինքնաարտահայտման ազատության սահմանափակում», — կարծում է Զուրաբիշվիլին։
Կարդացեք նաև՝
Օմբուդսմենն առաջարկում է արգելել «Պահպանողական շարժում» կուսակցության գործունեությունը