HRW-ն ԵՄ-ին կոչ է անում խիստ միջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի դեմ

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը Եվրամիությանը կոչ է անում խիստ միջոցներ ձեռնարկել Վրաստանի իշխանությունների դեմ։

Կազմակերպության գնահատմամբ՝ Վրաստանում վիճելի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական և սահմանադրական ճգնաժամի ֆոնին կառավարության դաժան արձագանքը բողոքի ցույցերին ավելի է բարդացնելու երկրում մարդու իրավունքների իրավիճակը։

Ըստ Human Rights Watch-ի՝ Եվրամիությունը դատապարտել է վրացական իշխանությունների ռեպրեսիվ գործողությունները, սակայն եկել է վճռական քայլերի ժամանակը։

Կազմակերպության դիտարկմամբ՝ ԵՄ-ն պետք է Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի փորձագետների կողմից բռնության անկախ հետաքննություն իրականացնի, ուժի ապօրինի կիրառումը, կամայական կալանավորումները և վատ վերաբերմունքի ու խոշտանգումների ապացույցների ավելացումն ուսումնասիրելու համար:

Հատուկջոկատայինները բիրտ ուժի կիրառմամբ ջրցան մեքենաներով, ջրի շիթերով, պղպեղի սփրեյով, արցունքաբեր գազով, ռետինե փամփուշտներով ցրում են բողոքի ցույցերը Թբիլիսիում: Բերման ենթարկվածները թե՛ բերման ենթարկվելիս, թե՛ դրանից հետո, բռնության են ենթարկվում: Տուժածների թվում կան նաև լրագրողներ: