Հրատապ եզրակացություն՝ Վենետիկի հանձնաժողողովից

Լուսանկարը՝ mtavari.tv-ից

Վենետիկի հանձնաժողովը հրատապ եզրակացություն է պատրաստում Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ ընդունված «գործակալների մասին» օրենքի վերաբերյալ, որը կհրապարակվի առաջիկա շաբաթներին։

Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակությունը Վրաստանում առցանց հանդիպումներ կանցկացնի շահագրգիռ կողմերի հետ, և եզրակացությունը կհրապարակվի մինչև Վրաստանի խորհրդարանի վերջնական որոշումը։

«Երկուշաբթի օրը՝ ապրիլի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը հանդիպեց հանրային պաշտպանի, դիվանագիտական ​​կորպուսի, իսկ այսօր՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, առցանց լրատվամիջոցների և հեռարձակողների ներկայացուցիչների հետ։ 2024 թվականի մայիսի 2-ին պատվիրակությունը նախատեսում է առցանց հանդիպում անցկացնել խորհրդարանում խմբակցությունների և անկախ պատգամավորների հետ՝ քննարկումները շարունակելու համար։

Զեկույցը պատրաստվում է հրատապ ընթացակարգով՝ Վենետիկի հանձնաժողովի կանոնակարգի 14ա-րդ հոդվածի համաձայն և կհրապարակվի առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի մինչև օրենքի ընդունումը՝ այն հնարավոր լինի քննարկել խորհրդարանի կողմից»,- նված է հայտարարության մեջ։

Ուշագրավ է, որ Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մայիսի 2-ին, Հերոսների հրապարակում «գործակալների մասին օրենքի» դեմ բողոքող ցուցարարները փակել էին նաև Թամար թագուհու կամուրջն ու պողոտան, Քուռ գետի աջ և ձախ ափերի գլխավոր ճանապարհը: Երթևեկությունը ժամեր շարունակ կաթվածահար էր:

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։