Ներկայացնում ենք Ալիք Մեդիայի հայտարարած «Աշխատանք փնտրելու իմ հաջող/անհաջող պատմությունը» խորագրով էսսեների մրցույթի մասնակիցների աշխատանքները: Ստորև կարող եք ծանոթանալ Աստղիկ Խաչատուրյանի հեղինակած էսսեին,ուր վերջինս խոսում է Վարդուհի Կուրղինյանի աշխատանք փնտրելու փորձի մասին:
Բակալավրի կրթությունը բացարձակ առնչություն չուներ և չունի այն աշխատանքների հետ, որոնցով ես աշխատել և աշխատում եմ: Պատմելով աշխատանքի ընդունվելու իր հաջող/անհաջող փորձի մասին, ասում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի մարզի Ախալքալաքի Փոքր Սամսար գյուղից 23-ամյա Վարդուհի Կուրղինյանը:
Վարդուհին բակալավրի կրթությունը ստացել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում՝ անվճար, Բիզնես կառավարման ֆակուլտետի «Տնտեսագիտության բաժնում»: Այժմ էլ ուսանում է Թբիլիսիի Իլիայի պետական համալսարանում՝ «Կրթության կառավարում» մագիտրոսական ծրագրով: Վարդուհին հիշում է՝ Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների համար գործող «1+4» ծրագրի ուսանողների համար նախատեսված ստաժավորման ծրագրից չի օգտվել:
Ի դեպ, «1+4» ծրագրով Վրաստանի պետական բուհեր ընդունված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները 2017-ից հնարավորություն ունեն չվարձատրվող ստաժավորում անցնելու պետական մարմիններում։
Վարդուհին այժմ աշխատում է Ջավախքի լրատվական կենտրոնում (Jnews)՝ որպես վրացերեն բաժնի պատասխանատու և լրագրող, իսկ մինչ մագիստրատուրա ընդունվելն աշխատել է նաև Ախալքալաքի «Երիտասարդական կենտրոն»-ում որպես վրացերեն խմբակի պատասխանատու և վրաց լեզվի ուսուցչուհի:
Ըստ նրա՝ բակալավրում ստացած կրթությունը լրագրության ոլորտում միայն տնտեսագիտական առումով նյութեր գրելու ժամանակ է շատ օգնում։ Իսկ լրագրողի մասնագիտությամբ աշխատանքի անցնելուն նպաստել է Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո-Քարթլիում գործող GIPA Media Lab նախագծին մասնակցությունը:
«Բակալավրի երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակից, երբ տարածվեց կորոնավիրուսը, անցանք օնլայն դասերի: Այդ ժամանակ ստացա աշխատանքի առաջարկ Ջավախքի լրատվական կենտրոնից, որպես վրացերենի բաժնի պատասխանատու և նաև լրագրող։ Այդ ժամանակ մասնակցել էի GIPA Media Lab-ի ծրագրին, այնտեղից էլ նկատել էին ինձ և որոշել աշխատանք առաջարկել։ Միանգամից առաջարկն ընդունեցի, զուգահեռ նաև աշխատանքի առաջարկ ստացա Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում, որպես վրացերենի խմբակի պատասխանատու և վրաց լեզվի ուսուցչուհի»,- նշում է Վարդուհին և հավելում՝ աշխատանքի առաջարկ է ստացել ինչպես պետական, այնպես էլ՝ ոչ պետական կազմակերպություններից, մի քանի անգամ նաև Արդարադատության տուն են հրավիրել, որտեղ, ցավոք, խիստ ու հագեցած գրաֆիկի պատճառով չի կարողացել գնալ։
Վարդուհին ընդգծում է՝ բուհում ստացած կրթությունից ավելի շատ վրացերենի իմացությունն է, որն օգնել է իրեն աշխատանքում: Նրա պնդմամբ՝ հենց բուհում սովորած վրացերենից ելնելով են իրեն աշխատանքի առաջարկներ անում։
«Երբեք չեմ փորձել որևէ բանկում աշխատել, որովհետև գրաֆիկը շատ խիտ է։ Բակալավրում սովորել եմ գերազանց առաջադիմությամբ, և չէի ցանկանում աշխատանքի պատճառով բացակայել դասերից։ Իսկ Ջավախքի լրատվական կենտրոնում գրաֆիկը ազատ էր և կարող էի անգամ առցանց աշխատել։ Ճիշտ է, ամբողջ օրս տրամադրում էի աշխատանքիս, դասերս սովորում էի գիշերվա ժամերին, բայց ամեն դեպքում հասցնում էի։ Չեմ նեղվում այդ գրաֆիկից․ բանկում աշխատելն ինձ երբեք այդ հնարավորությունը չէր տա, իսկ երիտասարդական կենտրոնում դասերը շաբաթ-կիրակի օրերին էին։ Այն իմ դասերին բացարձակ չէր խանգարում, մեծ սիրով աշխատում էի, չնայած նրան, որ հանգստի ժամանակ ընդհանրապես չունեի»:
Վարդուհին նկատում է՝ աշխատանքներին ընտելացել է շատ հեշտ, չնայած նրան, որ լրագրությունը պատասխանատվության զգացում ունեցող անձի համար բավականին պատասխանատու աշխատանք է, այնուամենայնիվ, այդ ոլորտում աշխատելն իր համար այդքան էլ դժվար չէր, քանի որ մինչ այդ էլ մասնակցել է մուլտիմեդիա ծրագրերի և ընդհանուր նյութ ստեղծելու խնդիր չի ունեցել:
Նրա խոսքով, մինչ «Երիտասարդական կենտրոն»-ում աշխատելը, իրեն ուսուցչի կարգավիճակում չի պատկերացրել. «Սակայն, հենց այդտեղ երկու տարի աշխատելս ինձ ստիպեց մագիստրատուրայի բաժինն ընտրել՝ հենց կրթության ոլորտից, ընտրեցի «Կրթության կառավարում» մասնագիտությունը, որպեսզի ինչ որ չափով կարողանամ կառավարել իմ համայնքում՝ կոնկրետ Ջավախեթիում կրթության մակարդակը»:
Ըստ Վարդուհու՝ «1+4» ծրագիրն ավարտած ուսանողը պատրաստ է աշխատաշուկայում գտնել իր տեղը. «Մի բան հստակ է, եթե նախապատրաստական կուրսում ցուցաբերվի խստություն՝ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչն ավելի ու ավելի լավ կտիրապետի պետական լեզվին, ինչն էլ կօգնի նրան ավելի հեշտ գտնել իր տեղը աշխատաշուկայում»:
Հեղինակ՝ Աստղիկ Խաչատուրյան, 18 տարեկան
Վանաձորի Պետական համալսարանի ուսանող,
Մառնեուլիի շրջան, գյուղ Դամիա
Այս հրապարակումը ստեղծվել է մրցույթի շրջանակներում, Վրաստանի Կանանց Հիմնադրամի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է հեղինակը, այն կարող է չհամընկնել Ալիք Մեդիայի և Վրաստանի Կանանց Հիմնադրամի հայացքներին։