Վրաստանում հոմոֆոբ խմբերի, «Բարոյականության և երեխաների պաշտպանության հանրության» հայտարարությամբ, Թբիլիսիի միջազգային կինոփառատոնի ժամանակ ԼԳԲՏ թեմատիկայով ֆիլմերի ցուցադրությունը կտապալեն: Նրանց խոսքով, այսօր՝ դեկտեմբերի 2-ին «Ամիրանի» կինոթատրոնի հարակից տարածքում ցույց կանցկացնեն՝ արգելափակելով կինոթատրոնի մուտքերը:
Ցույցի կազմակերպիչները պնդել են, որ And Then We Danced-ի ցուցադրության նման այսօր ևս ծրագրել էին գնել բոլոր տոմսերը, սակայն պարզվել է՝ բոլոր տոմսերը վաճառված են:
«Երևի մեզ չի հաջողվի մտնել կինոթատրոն, սակայն կկանգնենք դրսում, կփորձենք արտահայտել մեր խոսքը»,- ասել է ցույցի կազմակերպիչներից Գուրամ Փալավանդիշվիլին:
Նա բացատրել է, որ այս անգամ դուրս են գալու վրացի ռեժիսոր Թամար Շավգուլաձեի, ինչպես նաև ևս երկու արտասահմանյան ռեժիսորների հեղինակած ֆիլմերի դեմ: Վրացի ռեժիսորի ֆիլմը պատմում է երկու կնոջ՝ մանկուց սկսված սիրո մասին: