ԱՄՆ հանրապետական կոնգրեսական և MEGOBARI Act-ի համահեղինակ Ջո Ուիլսոնն արձագանքել է Մոլդովայի ընտրություններին՝ միաժամանակ շեշտել Վրաստանում կայանալիք ընտրությունների կարևորությունը։
Նրա խոսքով, ինչպես Մոլդովայում, հոկտեմբերի 26-ին ևս հաղթելու է ազատատենչ ժողովրդի կամքը:
«Չնայած պատերազմական հանցագործ Պուտինն (նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին-հեղ.) անօրինական կերպով գրավել է երկրի որոշ հատվածներ, արյան փողեր ու հանցագործներ ուղարկել Մոլդովայի ապագան առևանգելու համար, անվախ մոլդովացիներն ընտրեցին ինքնիշխանությունն ու բարգավաճումը: Հոկտեմբերի 26-ի կհաղթի վրաց ազատատենչ ժողովրդի կամքը»,- գրել է Ուիլսոնը:
Մոլդովայում հաշվվել են հոկտեմբերի 20-ին կայացած նախագահական ընտրությունների և հանրաքվեի քվեաթերթիկների 100 տոկոսը։ Ընտրություններին մասնակցած մոլդովացիների 50,46 տոկոսը դրական է արձագանքել հանրաքվեի հարցին՝ «Սատարո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը Մոլդովայի Հանրապետության Եվրամիությանն անդամակցելու նպատակով»։ Դեմ է քվեարկել 49,54 տոկոսը։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Այս ընտրությունները ևս դիտարկվում են հանքվե՝ երկիրը կմնա ռուսական ուղեծրում, թե կշարունակի եվրաինտեգրումը։