Վրաստանում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները։ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի թիմի լրագրողներն այս պահի դրությամբ գտնվում են Վրաստանի մի շարք քաղաքներում ու գյուղերում։
Ինչպես ողջ Վրաստանի տարածքում, այդպես էլ Քութաիսի քաղաքում առավոտյան 08:00-ին բացվեցին ընտրատեղամասերը։ Չնայած քաղաքում հորդառատ անձրև է, քաղաքացիները ակտիվ մասնակցում են ընտրություններին։
Այս պահի դրությամբ, Քութաիսիի մի քանի ընտրատարածքում գրանցվել են խախտումներ։ Խախտումներ գրանցվել են Քութաիսիի 11-րդ, 17-րդ և 72-րդ (քրեակատարողական) ընտրատեղամասերում։ 11-րդ և 17-րդ ընտրատեղամասերում ընտրողներից մի քանիսին տվել են երկու քվեաթերթիկ։ 72-րդ քրեակատարողական ընտրատեղամասում «Ուժեղ Վրաստան»-ի դիտորդին թույլ են տվել երեք ժամ ուշացումով մուտք գործել ընտրատեղամաս, ինչը խախտում է։
Խախտում է նկատվել նաև 8-րդ ընտրատեղամասում։ Այստեղ խնդիրը սխալ ձևով օգտագործված հավելյալ պատնեշն էր։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան