Հոկամ գյուղի բնակիչները երկար տարիներ ապրում են առանց գազի՝ ստիպված լինելով օգտագործել վառելափայտ, քարածուխ ու գոմաղբ տները տաքացնելու համար, իսկ գազաֆիկացման խոստումները շարունակում են մնալ չիրականացված։
Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղը շրջկենտրոնից 18 կմ հեռավորության վրա է գտնվում և տարիներ շարունակ բախվում է դժվարությունների, որոնցից մեկը գազաֆիկացման բացակայությունն է։
Ձմռան ամիսներին բնակիչներն իրենց տները տաքացնում են վառարանի միջոցով՝ ստիպված լինելով օգտագործել գոմաղբ, վառելափայտ ու քարածուխ, իսկ սնունդ պատրաստելու նպատակով՝ օգտագործել բալոններ, որոնք չեն բավականացնում, ու բնակիչները ստիպված են լինում կրկին հասնել քաղաք՝ բալոններ գնելու նպատակով, ինչը նաև ֆինանսական դժվարությունների է հանգեցնում։
«Մենք ամեն տարի գնում ենք մեկ մեծ մեքենա վառելափայտ և քարածուխ։ Մեկ տոննա քարածուխի համար վճարում ենք 200 լարի։ Սակայն մեկ անգամ գնելը մեզ բավարար չէ ամբողջ ձմեռվա համար, քանի որ դրանք արագ սպառվում են։ Մեզ անհրաժեշտ է առնվազն 2-3 տոննա, որպեսզի ձմռան ընթացքում կարողանանք տաք պահել մեր տները», — ասաց Հոկամ գյուղի բնակիչներից մեկը։
«Ամեն տարի նույնը։ Գնում ենք քարածուխ, բայց դե, դա էլ թանկ է։ Մեկ տոննայի համար 200 լարի ենք վճարում։ Իհարկե, մենք նաև գոմաղբ ենք օգտագործում վառարանն օգտագործելու նպատակով, բայց դա էլ լուրջ խնդիր է։ Ընտրություններից առաջ քաղաքական գործիչները խոստանում են, որ կգազաֆիկացնեն մեր գյուղը, և անկեղծ ասած` ես այլևս չեմ հավատում նրանց։ Դժբախտաբար, խոստումները մնում են միայն խոստումներ։ Ընտրություններից առաջ սարեր են խոստանում, բայց ընտրվելուց հետո մոռանում են ամեն ինչ, անգամ գյուղի տեղն են մոռանում», — դժգոհեց Հոկամ գյուղից մեկ այլ բնակիչ։
Բնակիչների պնդմամբ` եթե գյուղը գազաֆիկացված լիներ, իրենց կյանքը քիչ թե շատ կհեշտանար։
«Գազ չունենք, բալոնների միջոցով սնունդ ենք պատրաստում։ Մենք երբեմն նույնիսկ չկարողանալով գնել նոր բալոններ, ստիպված ենք լինում գնալ քաղաք՝ դրանք նորից գնելու համար։ Ես հիմա արդեն պարզապես չգիտեմ՝ ինչպես կարելի է այսպես շարունակել։ Եվ սա մեր ամենօրյա կյանքն է արդեն երկար տարիներ։ Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը պարզապես մոռացել է մեզ», — պատմում են Հոկամ գյուղի բնակիչները։
Բնակիչների խոսքով, այս տարիների ընթացքում շատ պատգամավորների ու թեկնածուների են տեսել, որոնք շատ բաներ են խոստացել, բայց հետո այլևս չեն տեսել նրանց։ Բնակիչները նշում են նաև, որ թեև ճանապարհը բարեկարգել են, բայց գազաֆիկացումը մնում է առաջնային ու չլուծված խնդիր։
Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ 2024-2025 թթ․ Սամցխե-Ջավախքում գազաֆիկացվելու է 13 գյուղ։ Բոլոր գյուղերում այս տարի աշխատանքները կիրականացվեն նախագծերի մշակման ուղղությամբ, իսկ 2025 թվականի ընթացքում կիրականացվի գազաֆիկացումը, բայց Հոկամ գյուղն ընդգրկված չէ գազաֆիկացման ծրագրում։
«Ալիք Մեդիա Վրաստանը» կապ հաստատեց Վրաստանի գազափոխադրող GGTC ընկերության հետ, որտեղից տեղեկացրին, որ ընկերությունն իրականացնում է գազաֆիկացման ծրագիր։ Նրանք նշեցին, որ այս պահին դեռևս հստակ ոչինչ չեն կարող ասել, թե երբ կգազաֆիկացվի Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղը։ Գազաֆիկացման ծրագիրն ընթացքի մեջ է և իրականացվում է փուլերով, ուստի հնարավոր է, որ գյուղը հետագայում ներառվի գազաֆիկացման գործընթացում։