Հոգեբանները նոր ընտրություններ են պահանջում

Վրացի հոգեբաններն ընդհանուր հայտարարությամբ արձագանքում են երկրում ստեղծված իրավիճակին: Մոտ 200 հոգեբանների ստորագրած միջնորդությամբ նրանք պահանջում են.

  • քաղաքական հողի վրա ձերբակալված անմեղ քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը և նրանց նկատմամբ անհիմն հետապնդումների դադարեցումը,
  • դադարեցնել խոշտանգումները, ճնշումները և բռնության ցանկացած ձև Վրաստանի քաղաքացիների նկատմամբ,
  • անցկացնել նոր, իսկապես ազատ, համընդհանուր, ժողովրդավարական և արդար ընտրություններ,
  • դադարեցնել քաղաքական հողի վրա մարդկանց աշխատանքից հեռացնելը։

Հոգեբաններն ասում են, որ երկրում ստեղծված ճգնաժամը ոչ միայն սպառնում է Վրաստանի պետականությանը, նրա ժողովրդավարական զարգացմանն ու եվրաինտեգրման գործընթացին, այլև վնասում է քաղաքացիների բարեկեցությունն ու հոգեկան առողջությունը։

«Ճգնաժամի հետևանքները հատկապես ազդում են դեռահասների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց, սոցիալապես անապահով բնակչության և այլ խոցելի խմբերի վրա։ Նման իրավիճակում հոգեբանների ու հոգեկան առողջության մասնագետների դերն ու ներգրավվածությունը նրանց աջակցության համար մեծ նշանակություն ունի», — ասված է հայտարարության մեջ:

Նրանց հայտարարության մեջ կարդում ենք նաև, որ տեսանելի են հոգեբանական մանիպուլյացիայի մեխանիզմները, այդ թվում՝ տեղեկատվության միտումնավոր խեղաթյուրումը, վիճակագրական տվյալների փոփոխումը և այլն։

Արդեն 42 օր է՝ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում քաղաքացիները սկսեցին զանգվածաբար փողոց դուրս հատկապես, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։

Ցուցարարների պահանջներն անփոփոխ են՝ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում և ցույցերի ժամանակ բերման ենթարկվածների ազատ արձակում։ Քաղաքացիներն ասում են, որ պայքարելու են այնքան ժամանակ, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել։