Հոգեբանական ճնշում` «Բազմազգ Վրաստան» ՀԿ-ի աշխատակիցների նկատմամբ

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման (PMMG) գրասենյակի մոտ անտայտ անձինք տարբեր իրեր են թողել. նպատակը, ըստ էության` կազմակերպությանը վարկաբեկելն ու աշխատակիցների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելն է։

Ըստ «Բազմազգ Վրաստան»-ի տնօրեն Առնոլդ Ստեփանյանի` վերջին երկու ամսվա ընթացքում («գործակալների օրենքի» վերսկսման և դրա դեմ սկիզբ առած բողոքի ցույցերի ֆոնին- հեղ.) սա չորրորդ դեպքն է։

«Գրասենյակի դռան մոտ ինչ-որ մեկը տարբեր «կախարդական» իրեր է դնում։ Այսօր մենք գտանք նոր «կախարդական» հավաքածուն և մոմը դռան վրա։ Այսինքն՝ սա միտումնավոր գործողություն է, և ինչ-որ մեկը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել մեր ՀԿ-ի անդամների վրա։ Ուզում եմ ասել՝ ով էլ լինես, քեզ մոտ ոչինչ չի ստացվի», — ֆեյսբուքյան իր էջում գրել է Ստեփանյանը։

«Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Ստեփանյանն ասաց` չեն ցանկանում դեպքին մեծ ուշադրություն դարձնել։ Ըստ նրա, սակայն, նպատակահարմար են գտնում տեսախցիկներ տեղադրել կամակերպության դռների մոտ` նմանատիպ դեպքերը կանխելու կամ բացառելու համար։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀԿ-ների գրասենյաների պատերին, կամ փողոցների մարդաշատ վայրերում ՀԿ-ների ղեկավարներին վարկաբեկող պաստառներ կամ գրություններ են հայտնվում։ 2023 թվականին, երբ իշխող «Վրացական երազանքն» առաջին անգամ նախաձեռնեց «գործակալների օրենքը», նմանօրինակ արշավ էր սկսվել ՀԿ-ների և նրանց ղեկավարների դեմ։ Այս տարի, օրենքի վերսկմանը զուգահեռ, արշավը ևս սկսեց թափ առնել։