Հոգաբարձուների խորհուրդն «Առաջին ալիքի» դիմաց նախատեսվող ակցիան «ճնշում» է համարում

Հանրային հեռարձակողի («Առաջին ալիք»)  շենքի մոտ հունվարի 29-ին նախատեսված բողոքի ակցիային արձագանքել է Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհուրդը։ Ըստ խորհրդի` «որոշ քաղաքացիներ փորձում են սեփական կամքը թելադրել Հանրային հեռարձակողին»։

Հունվարի 29-ին «Առաջին ալիք»-ի շենքի մոտ նախատեսված բողոքի ակցիայի պահանջն անփոփոխ է, գրեթե 2 ամիս քաղհասարակությունը պահանջում է Հանրայինի եթերը տալ ժողովրդին ու լուսաբանել երկրում և հատկապես Թբիլիսիում ամեն օր ընթացող բողոքի ցույցերը: Քաղհասարակությունն ընդգծում է այն փաստը, որ Հանրային հեռարձակողին ֆինանսավորում է ժողովուրդը, ուստի պետք է լսելի դարձնի ժողովրդի ձայնը:

«Մենք՝ Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամներս, մեր մտահոգությունն ենք հայտնում այն ​​փաստի առնչությամբ, որ որոշ ակտիվիստներ հանրահավաքի մասնակիցներին դիմում են այնպես, կարծես երկրում պայքար է ընթանում Հանրային հեռարձակողի դեմ և կոչ են անում հունվարի 29-ին հավաքվել ու հաղթել Հանրային հեռարձակողին, ինչը, ըստ ամենայնի, ռազմավարական հաղթանակ կլինի նոր ընտրություններ նշանակելու համար»։

Խորհրդի անդամները պնդում են, որ Հանրային հեռարձակողը «լայնորեն և բազմակողմանիորեն լուսաբանում է» հասարակության բողոքը և փորձում է «լսարանին անաչառ տեղեկացնել տեղի ունեցած իրադարձությունների մասին»։

«Քաղաքացիների մի մասն օգտվում է այս իրավիճակից և փորձում իր կամքը թելադրել Հանրային հեռարձակողին, թե նոր ընտրություններ նշանակելու համար պետք է վերահսկեն Հանրային հեռարձակողին և դրա համար Հանրային հեռարձակողի աշխատակիցների նկատմամբ բուլինգ ու սպառնալիքների քարոզարշավ է ընթանում»,- ասված է հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ «Առաջին ալիք»-ի շենքի մոտ գրեթե ամեն օր հնչում է նույն պահանջը՝ Հանրայինի եթերը տալ ժողովրդին։ Այս պահանջին համամիտ է ալիքի աշխատակիցների մի մասը։ Ֆիլմերի և հեռուստասերիալների փոխարեն նրանք պահանջում են հեռարձակել հասարակական-քաղաքական հաղորդումներ և պնդում են, որ «Մոամբեն» բավարար չէ քաղաքական ճգնաժամի ամբողջական պատկերը ցույց տալու համար, ինչպիսին այժմ Վրաստանում է։

Նոյեմբերի 30-ից, ի պատասխան հանրային բողոքի, հեռուստատեսային ցանցում ավելացավ «Արտակարգ հեռարձակումը»՝ հաղորդում, որտեղ եվրոպամետ ցույցերի մասնակիցները 30-45 րոպե ունեն ուղիղ եթերում հաղորդավարի հարցերին պատասխանելու համար։ Սակայն ամանորից հետո հաղորդումն այլևս չի հեռարձակվում:

«Լսելի դարձրեք ժողովրդի ձայնը». բողոք` ուղղված հանրային հեռարձակողին