Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների կոալիցիան արձագանքել է Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի ոչ դատավոր անդամության թեկնածուների առաջադրմանը և հայտարարել է 5 թեկնածուի սատարման մասին։
«Կոալիցիան վաղուց էր խոսում դատաիրավական համակարգի հիմնարար բարեփոխման անհրաժեշտության և այս բարեփոխման ռազմավարության արմատական փոփոխությունների մասին։ Այս գործընթացում վրացական իշխանությունների ձեռնարկելիք քայլերը պետք է ուղղված լինեն դատական համակարգի կառավարման կոնսենսուսի վրա հիմնված բարեփոխմանը և ուժեղ խոչընդոտներ ստեղծեն իշխանության կենտրոնացման դեմ, որի արատավոր պրակտիկան այսօր առկա է դատական համակարգում»,- նշել են կոալիցիայից։
Նրանց պնդմամբ, խորհրդարանի յուրաքանչյուր նստաշրջանում 5 ոչ դատավոր անդամների ընտրությունը կարող է նշանակալից առաջընթաց լինել այս նպատակին հասնելու համար։
«Անհրաժեշտ է, որ այդ պաշտոնում նշանակվեն անաչառ, ազնիվ և իրավասու թեկնածուներ՝ քաղաքացիներ, որոնց նկատմամբ կլինի հանրային բարձր վստահություն և լայն կոնսենսուս քաղաքական կուսակցությունների միջև։
Սա էապես կփոխի Արդարադատության բարձրագույն խորհրդում ուժերի հարաբերակցությունը, կստեղծի ծանրության նոր կենտրոն՝ հինգ անկախ անդամների ներառմամբ, և կլանին կթողնի միայն միաձայն, անկայուն առավելություն»,- նշել են ՀԿ-ները։
Ի դեպ, Արդարադատության բարձրագույն խորհրդում 5 ոչ դատավոր անդամների ընտրության մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 30-ից։