ՀԿ–ների մեկուսացում ռուսական ոճով. փորձագետները՝ նոր օրենքի մասին

«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանում քննարկված փոփոխությունները, որոնցով վերացվում են որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՀԿ) ներգրավելու պարտավորությունը, վրացի որոշ փորձագետներ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ՀԿ-ներին հեղինակազրկելու և քաղաքացիների ձայնը լռեցնելու փորձ են համարում:

Փորձագիտական շրջանակների դիտարկմամբ՝ ՀԿ-ները ժողովրդի ձայնը լսելի են դարձնում խորհրարանում, նրանք քաջատեղյակ են ժողովրդի տարբեր շրջանակներում առկա խնդիրներին. նրանց լռեցնելը փաստացի կնշանակի՝ անտեսել ժողովրդին ու չլսել նրանց: Ասում են՝ սա ռուսական ոճ է, «Վրացական երազանք»-ը երկիրը հետ է տանում դեպի Խորհրդային Միություն:

Վրաստանի հանրային նախկին պաշտպան, «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտի» (DRI) հիմնադիր Ուչա Նանուաշվիլիի խոսքով, այդ փոփոխությունը նպատակ ունի վարկաբեկելու ՀԿ-ներին և ներկայացնելու նրանց որպես «թշնամիներ»՝ ստեղծելով կարծրատիպ, որ ՀԿ-ները «կախված են օտար երկրներից և կատարում են նրանց կամքը»։

Ըստ հանրային նախկին պաշտպանի՝ «Վրացական երազանք»-ը պարզապես չի ցանկանում որևէ պարտավորություն ունենալ որևէ մեկի նկատմամբ, և բոլոր պաշտոնյաներին ինքը նշանակի. ոչ մի տեղ ներգրավված չլինեն տարբեր կարծիքներ ունեցող այլ անհատներ և կազմակերպություններ:

«Երբ կառավարությունը պատասխան չունի քաղաքացիական հասարակության քննադատությանը, ապա փորձում է մարգինալացնել և մերժել նրանց՝ անտեսելով նրանց գործունեությունն ու ներգրավվածությունը:

Սա մեզ հետ է տանում դեպի Խորհրդային Միություն, որտեղ կար միայն մեկ կուսակցություն, և չկար այլ քննադատական ​​կարծիք։ Սա տիպիկ ճանապարհ է դեպի բռնապետություն», — «Ալիք Մեդիա Վրաստան»-ին ասաց Նանուաշվիլին:

Փետրվարի 28-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանում՝ Ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նիստում, փոփոխությունների փաթեթի առաջին ընթերցումը տևեց 25 րոպե։ Այս փաթեթը ներառում է «Խորհրդարանի կանոնակարգ» և մի շարք այլ օրենքների փոփոխություններ, ամենուր հեռացվում են ՀԿ-ների հետ պարտադիր համագործակցության լծակները:

«Վրացական երազանք»-ի հիմնավորումը կրկին հայտնի մեղադրանքներն են՝ կապված «հակաժողովրդավարական», «դիվերսիոն» գործունեության կամ «օտար երկրների շահերը սպասարկելու» հետ։ Փոփոխություններ են նախատեսվում ինչպես «Խորհրդարանի կանոնակարգ»-ում, այնպես էլ հարակից մի շարք օրենքներում:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան» հասարակական կազմակերպության տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Զվիադ Քորիձեի խոսքով, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացնում են քաղաքացիների ձայնը, որը պետք է ներառվի որոշումների կայացման գործընթացում, «որպեսզի այս կամ այն ​​որոշումը լիովին համաձայնեցվի»։

Քորիձեի դիտարկմամբ՝ «Վրացական երազանք»-ը այլևս չի ցանկանում լսել քաղաքացիներին և արդարացումներ է փնտրում՝ ասելով, թե օտարերկրյա ֆինանսավորում ստացող կազմակերպությունները, իբր, «թշնամական գործունեություն են ծավալում Վրաստանում».

«Այս կազմակերպությունները կուտակել են մասնագիտական ​​գիտելիքների հարուստ պաշար, քանի որ դոնորների օգնությամբ այդ կազմակերպությունները ծանոթ են արևմտյան պրակտիկային, աշխատում են հարցերի լայն շրջանակի վրա, ստեղծում են որոշակի քաղաքական փաստաթղթեր, որոնց իրականացումը ձեռնտու կլինի Վրաստանին»: Ըստ նրա՝ «Վրացական երազանք»-ը փորձում է ոչնչացնել այդ պրակտիկան։

Ի դեպ, ուշագրավ է, որ երրորդ հատվածի ներգրավվածությունը ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ առաջարկությունների հիմնական պահանջներից մեկն էր: Այժմ եվրաինտեգրումը նույնպես սառեցված է, իսկ Բրյուսելի հետ հարաբերությունները ծայրահեղ լարված են։

Ինչ է նախատեսվում

«Խորհրդարանի կանոնակարգ»-ում նախատեսված փոփոխությունները կվերացնեն ոչ կառավարական հատվածի պարտադիր ներգրավվածությունը. հետևյալ կետերն են,

  • Հոդված 206. Սպառողների շահերի հանրային պաշտպանի ընտրություն;
  • Հոդված 207. Խորհրդարանի կողմից դատախազական խորհրդի 2 անդամների ընտրություն;
  • Հոդված 207-1. Խորհրդարանի կողմից ընդհանուր դատարանների դատավորների կարգապահական խորհրդի 2 անդամի ընտրություն;
  • Հոդված 208. Խորհրդարանի կողմից Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի 5 անդամների ընտրություն;
  • 209-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամների ընտրության մրցութային հանձնաժողովներում ընդգրկվելու են միայն ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ։

Նույն բովանդակության փոփոխությունները ներառված են հարակից մի շարք օրենքներում՝ նպատակ ունենալով վերացնել ՀԿ-ների պարտադիր մասնակցությունը։ Սա վերաբերում է հետևյալ օրենքներին.

  • «Իրավաբանական օգնության մասին»;
  • «Անձնական տվյալների պաշտպանության մասին»;
  • «Հատուկ քննչական ծառայության մասին»;
  • «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին»;
  • «Վրաստանի պատժիչ օրենսգիրք»;
  • «Պետական ​​գնումների մասին»;
  • «Հանցագործության կանխարգելման, ազատազրկման հետ չկապված պատիժների կատարման կանոնների և պրոբացիայի մասին»;
  • «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի մասին»;
  • «Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»;
  • «Ապահովագրության մասին»;
  • «Հանրային պաշտպանի մասին»: