ՀԿ-ների և ԶԼՄ-ների եկամտի աղբյուրները պետք է թափանցիկ լինեն. «Ժողովրդի ուժը»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում օրենքի նախագիծ է նախաձեռնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», խորհրդարանում կայացած ճեպազրույցում հայտնել են շարժման առաջնորդները։

«Մեկ ամիս առաջ մենք հայտարարել էինք, որ գարնանային նստաշրջանի սկզբում նախաձեռնելու ենք օրենքի նախագիծ, որը կազդի օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող կազմակերպությունների գործունեության վրա»,- ասել է շարժման անդամներից Գուրամ Մաճարաշվիլին։

Ըստ Մաճարաշվիլիի՝ օրենքի նախագիծը հիմնականում համահունչ է ԱՄՆ-ում գործող համապատասխան օրենսդրությանը։ (ԱՄՆ-ում այս տիպի օրենքը (FARA) առաջին անգամ ընդունվել է 1938 թվականին, իսկ ավելի ուշ փոփոխության է ենթարկվել։ Օրենքն ի սկզբանե ներդրվել է Ամերիկայում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ՝ նացիստական ​​քարոզչությունը կանխելու նպատակով։ Հետագայում օրենքը փոխվեց, և դրա գործողության դաշտը նեղացվեց, իսկ հիմա հիմնականում վերաբերում է օտարերկրյա լոբբիստական ​​կազմակերպություններին ու լոբբիստներին- խմբ.):

«Մենք կարծում ենք, որ հրապարակայնության և թափանցիկության սկզբունքներից ելնելով` հանրությանը պետք է հայտնի լինեն ոչ միայն պետությունում որոշումներ կայացնող քաղաքական գործիչների եկամտի աղբյուրները, այլև այն սուբյեկտների (ՀԿ-ներ և լրատվամիջոցներ), որոնց նպատակն է ազդել հանրային որոշումների վրա, և որոնք մասնակցում են հասարակական կարծիքի ձևավորմանը կամ ակտիվորեն ներգրավված են օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացրած օրենքների կամ որոշումների ընդունման քննարկումներին»,- նշել են շարժման անդամները:

Նրանց խոսքով, օրինագծով արտաքին ազդեցության թափանցիկությունն ապահովելու համար կստեղծվի օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստր, որտեղ գրանցված են բոլոր ոչ բիզնես իրավաբանական անձինք ու լրատվամիջոցները, բոլոր այն ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձինք և լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Վերոնշյալ սուբյեկտներին որպես օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցելու հարցը կապահովի «Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն»-ը։

«Այն սուբյեկտների համար, որոնք կխուսափեն գրանցումից, նախատեսված են համապատասխան վարչական տույժեր։ Բացի այդ, տուգանքի վճարումը սուբյեկտին չի ազատում օտարերկրյա ազդեցության գործակալ գրանցելու պարտավորությունից»,- հայտարարել են շարժման անդամները:

Մաճարաշվիլին նշել է, որ օրինագծի աշխատանքը գրեթե ավարտին են հասցրել, որը «առավելագույնս ապահովում է լրատվական տարածքում կեղծիքի ու լկտիության դեմ կանխարգելիչ միջոցների ընդունումը»։

Ի դեպ, «Ժողովրդի ուժ» շարժումը ստեղծել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացած պատգամավորները՝ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին. նրանց են միացել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, նախկին թիմակիցներ, հասարակական գործիչներ:

Վրաց քաղաքագետները շարժումն անվանել էին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի «նոր հիմնադրված քաղաքական ուժ», որն, ըստ նրանց՝ ավելի արմատական է լինելու: Փորձագետների գնահատմամբ, «Վրացական երազանք» կուսակցությունը չի բարձրաձայնում, թե ինչ է ցանկանում Իվանիշվիլին, սակայն դա անում են կուսակցությունը լքած պատգամավորները: