Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու Եվրահանձնաժողովի հանձնարարականների ամբողջական և ժամանակին իրականացման գործընթացին։
ՀԿ-ները դիմել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին՝ սեղմ ժամկետում հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքային հանդիպում կազմակերպելու առաջարկով։
ՀԿ-ների կարծիքով, այսօր՝ երկրի համար շրջադարձային պահին, միակ առաջնահերթությունը մինչև տարեվերջ Եվրամիության անդամ երկրի կարգավիճակ ստանալն է։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է Եվրոպական հանձնաժողովի սահմանած առաջարկությունների ժամանակին և ամբողջական իրականացումը։
«Ուստի իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության բոլոր ջանքերը պետք է ուղղվեն այս նպատակին։ Թեև նպատակին հասնելու ուղիների վերաբերյալ կարող են լինել տարբեր տեսակետներ, սակայն կան հարցեր, որոնք պարզ են հենց առաջարկություններից՝ հետագա մեկնաբանությունների տեղ չթողնելով:
Եվրոպական հանձնաժողովի հանձնարարականի 10-րդ կետը նախատեսում է քաղաքացիական հասարակության արդյունավետ ներգրավվածությունը մյուս բոլոր կետերի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում։ Կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանի նախագահը ստանձնել է քաղաքացիական կազմակերպությունների համակարգման և արդյունավետ ներգրավման պատասխանատվությունը», — նշել են ՀԿ-ները։
Ըստ ՀԿ-ների՝ իրենց կազմակերպությունները տարիներ շարունակ աշխատել են Եվրահանձնաժողովի հանձնարարականներով որոշված հարցերի վրա, և նրանց իրականացրած թեմատիկ ուսումնասիրությունները, պատրաստված զեկույցները, դիտարկման արդյունքում ձևավորված տեսակետներն ու կարծիքներն էական ազդեցություն կունենան բարեփոխումների և փոփոխությունների վրա.
Ստորագրած կազմակերպությունները հաստատում են իրենց պատրաստակամությունը` մասնակցելու Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած ծրագրի իրականացման գործընթացին։
Հայտարարությունը ստորագրել են հետևյալ ՀԿ–ները.
- Ժողովրդավարության ինդեքս — Վրաստան,
- Ժողովրդավարության ուսումնասիրության ինստիտուտ,
- Georgian Court Watch,
- Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա,
- Մեդիաօմբուդսմեն։
Հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը վերջնական որոշում է կայացրել, ըստ որի՝ Ուկրաինան և Մոլդովան մտել են ԵՄ թեկնածություն՝ կից պայմաններով, Վրաստանը՝ եվրոպական հեռանկար։