Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ողջունել են դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննչական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը և աջակցության կոչ են արել Վրաստանի խորհրդարանին։
ՀԿ-ները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշել են, որ առանց արդար ու վստահելի դատարանի անհնար են երկրի ժողովրդավարական զարգացումը և քաղաքական կայուն միջավայրի ստեղծումը։
Համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է, որ արդարադատության համակարգային բարեփոխումը եվրոպական կառույցներին Վրաստանի ինտեգրման հիմնարար նախապայմաններից է։
«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 22-ին ոչ կառավարական կազմակերպություններն ու հասարակական խմբերը դիմել են Վրաստանի խորհրդարան՝ դատական համակարգում առկա իրավիճակն ուսումնասիրող քննչական հանձնաժողով ստեղծելու խնդրանքով։ Գործը վերաբերում է դատավորների նկատմամբ ճնշումների, արդարադատությանը ժամանակին չմիջամտելու, դատավորների կողմից նեպոտիզմի և եկամուտները թաքցնելու ենթադրյալ փաստերին, որոնք վերջին տարիներին բազմիցս հրապարակվել են լրատվամիջոցներով։
Նշված փաստերին մինչ օրս ուժային կառույցներն արդյունավետ չեն արձագանքել։ Դատական համակարգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հասարակության մեջ կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանի միակ միջոցը համարում ենք խորհրդարանական քննչական հանձնաժողովի ստեղծումը»,- նշված է տարածած հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրել են մի խումբ անկախ իրավաբաններ, Democracy Index Georgia-ն, Democracy Research Institute-ը, Court Watch-ը, Young Lawyers Association of Georgia-ն, Human Rights Center-ը:
Հանրային պաշտպան չընտրելը սպառնում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին. ՀԿ-ներ