«Թրանսփարենսի ինթերնեշնլ — Վրաստան», «Արդար ընտրություններ» և «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցացիա» հասարակական կազմակերպությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ են անում ընտրությունները չնշանակել աշխատանքային օր և ընտրությունների երկրորդ փուլի համար օպտիմալ ժամկետ են համարում դեկտեմբերի 1-ը: Հակառակ դեպքում Վրաստանի մի շարք քաղաքացիներ չեն կարողանա մասնակցել ընտրություններին։
Ըստ նախաձեռնության հեղինակների՝ թեև ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների օրը ոչ աշխատանքային օր է հայտարարվում, սակայն դա լուրջ խնդիր է արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիների համար: Նրանց համար հատկապես դժվար է ընտրություն կատարելը, երբ ընտրությունները տեղի են ունենում աշխատանքային օրվա ընթացքում։
«Աշխատանքային շաբաթվա ընթացքում Վրաստանում անցկացվող ընտրությունները նաև լուրջ խոչընդոտ են Վրաստանում ապրող քաղաքացիների համար, քանի որ շատ դեպքերում ընտրողը հեռու է գտնվում իր գրանցման վայրից, որտեղ պետք է կատարի ընտրությունը», — ասված է հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ արտերկրում բնակվող Վրաստանի քաղաքացիները ևս տեսանյութեր են տարածել սոցիալական ցանցերում, որտեղ կոչ են անում ընտրությունները չնշանակել աշխատանքային օր:
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ԿԸՀ-ն ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու համար քննարկում էր դեկտեմբերի 2-ը: Սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ երկրորդ փուլի անցկացման օրը կնշանակվի, երբ ամփոփվեն առաջին փուլի արդյունքները: