Վրաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՀԿ) նշել են, որ շարունակելու են «գործակալների օրենքի» դեմ իրավական պայքարը։
Մայիսի 30-ին տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում նրանք հայտարարել են, որ կիրառելու են ներպետական և միջազգային մեխանիզմներ՝ արգելափակելու համար օրենքի կիրարկումը։ Կազմակերպությունները Վրաստանի Սահմանադրական դատարան ներկայացնելու համար հայց են նախապատրաստում։
ՀԿ-ները պնդել են՝ չեն ապրելու «ռուսական օրենքի» կանոններով և օգտագործելու են ներպետական և միջազգային բոլոր մեխանիզմները՝ խոչընդոտելու համար օրենքի գործունեությունը` մինչև անվերապահորեն չեղարկվի։
«Մենք Սահմանադրական դատարանը չենք համարում մեր իրավական պայքարի միակ ճանապարհը: Եթե Սահմանադրական դատարանը չգործի ժամանակին և Սահմանադրության շրջանակներում, մենք կկիրառենք այլընտրանքային իրավական մեխանիզմներ։ Միաժամանակ մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որին համապատասխան ժամանակ կանդրադառնանք»,- նշել են ՀԿ-ները:
Հայտարարության հեղինակներն ասել են՝ այս պայքարի մասնակից կարող են դառնալ ու միանալ բոլոր հասարակական և լրատվական կազմակերպությունները. «Միասին հաղթելու ենք։ Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»: