Վրաստանյան շուրջ 20 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) դատապարտել են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մայիսի 30-ին Բրատիսլավայի Գլոբալ անվտանգության (GLOBSEC) ֆորումում արած հայտարարությունը, որում վերջինս կրկնել է Կրեմլի դիրքորոշումը՝ Ուկրաինա Ռուսաստանի անարդարացի ներխուժման պատճառ համարելով ՆԱՏՕ-ին անդամակցելու Կիևի ցանկությունը։
«Վարչապետին հիշեցնում ենք, որ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը ուկրաինացի ժողովրդի պատմական ընտրությունն է, որը հաստատված է Ուկրաինայի Սահմանադրությամբ։
Վարչապետին հիշեցնում ենք նաև, որ Հելսինկյան ակտը սահմանում է յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքը՝ միանալու ցանկացած պայմանագրի կամ դաշինքի՝ իր հայեցողությամբ»,- նշված է ՀԿ-ների հայտարարության մեջ։
Նրանք ափսոսում են, որ վարչապետի ելույթը լիովին համահունչ էր Կրեմլի նարատիվին, և, որ Ղարիբաշվիլին չի օգտագործել առիթը՝ ամեն կերպ դատապարտելու Ռուսաստանի Դաշնության անարդար և չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա։
Վարչապետին հիշեցրել են, որ ինքը ներկայացնում է մի պետություն, որի ժողովուրդը բացարձակ մեծամասնությամբ 2008 թվականի հունվարի 5-ին կայացած հանրաքվեի հիման վրա աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս ընտրությունն ամրագրված Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածով, ըստ որի՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին։
Ի դեպ, Ղարիբաշվիլին մայիսի 30-ին Բրատիսլավայում Գլոբալ անվտանգության ֆորումում կայացած քննարկման ժամանակ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման «պատճառներից մեկը» համարել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը։