
«Վրացական երազանք»-ի միակուսակցական խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել փոփոխություններին, որոնցով վերացվում են որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակական կազմակերպություններին (ՀԿ) ներգրավելու պարտավորությունը:
Օրենսդրական գործընթացում ՀԿ-ներին ներգրավելու պարտավորությունը վերացնելը «Վրացական երազանք»-ը պատճառաբանում է նրանց «հակաժողովրդավարական» և «դիվերսիոն» գործունեությամբ:
Երրորդ հատվածի ներգրավվածությունը ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ առաջարկների հիմնական պահանջներից մեկն էր:
Խորհրդարանը երրորդ ընթերցումից հետո օրենքներն ուղարկել է «Վրացական երազանք»-ի ընտրած 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին` ստորագրելու համար։ Կղավելաշվիլիի ստորագրելուց հետո այս օրենքն ուժի մեջ կմտնի օրենսդրական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո:
Փորձագիտական շրջանակների դիտարկմամբ՝ ՀԿ-ները ժողովրդի ձայնը լսելի են դարձնում խորհրդարանում, նրանք քաջատեղյակ են ժողովրդի տարբեր շրջանակներում առկա խնդիրներին. նրանց լռեցնելը փաստացի կնշանակի՝ անտեսել ժողովրդին ու չլսել նրանց: Ասում են՝ սա ռուսական ոճ է, «Վրացական երազանք»-ը երկիրը հետ է տանում դեպի Խորհրդային Միություն: