Վրաստանի հասարակական կազմակերպությունները միասնական հայտարարություն են արել մամուլի համար, որտեղ նշել են, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Կազմակերպությունները միասնական հայտարարությամբ բարձրաձայնել են այն բոլոր խախտումների, բախումների, ֆիզիկական բռնությունների դեպքերի մասին, որ արձանագրել են ընտրությունների ընթացքում:
«Ընտրությունների արդյունքները չեն արտահայտում Վրաստանի քաղաքացիների կամքը»,- պնդել են հասարակական կազմակերպությունները:
Ներկայացնում ենք «Իմ ձայնը» դիտորդական առաքելության հրապարակած հիմնական եզրակացությունները.
«Ընտրությունների օրն անցել է լուրջ ու էական խախտումների ֆոնին։ Օրվա վերջում պարզ դարձավ, որ ընտրական գործընթացի օրվա մշտադիտարկման ընթացքում հայտնաբերված տարբեր խնդիրներն ընտրության վերջնական արդյունքը փոխելուն ուղղված ավելի լայն սխեմայի մաս են կազմում։ Պարզ դարձավ, որ մշակվել է ընտրակեղծիքների միասնական սխեմա, որի իրականացման համար կիրառվել են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ստուգման համակարգի խաթարումը, նշագրման ընթացակարգերի խախտումը և դիտորդների կողմից ընտրողների նույնականացման ընթացակարգերի դիտարկման խոչընդոտումը։ Օրվա առաջին կեսին երկու կամ ավելի քվեաթերթիկ զանգվածաբար տրվել է ընտրողներին։ Եղել են նաև դեպքեր, երբ քվեաթերթիկների վրա արդեն նշված է եղել իշխող կուսակցությունը։
Ակնհայտ դարձավ, որ նախընտրական շրջանում հիշյալ սխեմայի իրականացմանը ծառայում էին նույնականացման քարտերի առգրավման ու «վարձույթի», ինչպես նաև անձնական տվյալների հավաքագրման մասին բազմաթիվ հաղորդումներ ու լրատվամիջոցներ։ Հենց նման մանիպուլյացիաների հետևանքով էլ հնարավոր դարձավ որոշիչ թվով ձայներ ստանալ իշխող կուսակցության օգտին, ինչը հիմա տեսնում ենք ԿԸՀ կայքում հրապարակված էլեկտրոնային մեքենայական ստուգումների հաշվառման արդյունքներում»,- նշել են կազմակերպությունից: