Վրաստանում քանի դեռ «ռուսական օրենքը» տապալված չէ, հասարակական և մեդիա կազմակերպությունները դադարեցնում են իշխանությունների հետ համագործակցությունը, այս մասին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել ավելի քան 150 կազմակերպություններ, այդ թվում՝ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը։
Ըստ նրանց՝ շուրջ մեկ տարի առաջ օրենքին չվերադառնալու տված խոստումը դրժելով ու «ռուսական օրենքը» վերանայելով՝ կասկածից վեր է, որ իշխանությունը դուրս է գալիս Աահմանադրության շրջանակներից և փոխում է երկրի արտաքին քաղաքական կուրսը։ Կազմակերպիչները պնդում են՝ սա դավաճանություն է վրաց ժողովրդի անսասան կամքին։
«Չկա սոցիալական շերտ, մասնագիտական կամ հասարակական խումբ, որն անցած օրերին իշխանություններին չխնդրեր հետ կանչել ռուսական օրենքը։ Գիտնականներ, ուսանողներ, բժիշկներ, մշակույթի և սպորտի ներկայացուցիչներ, գինեգործներ, ձեռնարկատերեր, ֆերմերներ և այլ խմբեր այսօր միասին կանգնած են պատմության ճիշտ կողմում:
Բացի այդ, ըստ միջազգային գործընկերների՝ Եվրամիությունը, ՆԱՏՕ–ն, ՄԱԿ–ը, Եվրախորհուրդը և բարեկամ երկրները փաստում են՝ Ռուսաստանի օրենքը մեզ բաժանում է Եվրամիությունից։ Ռուսական օրենքի վերանայումն ու ընդունումը հակասահմանադրական քայլ է, որը վերաբերում է յուրաքանչյուր քաղաքացու, սպանում է վրացական ժողովրդավարությունը և մեզ դեմ առ դեմ թողնում Ռուսաստանի հետ»,- նշում են կազմակերպությունները:
Նրանք նշում են՝ քանի դեռ «ռուսական օրենքը» չի գործել, հասարակական և լրատվական կազմակերպությունները դադարեցնում են համագործակցությունը իշխանությունների հետ և հայտարարում, որ երբեք և ոչ մի կերպ չեն գրանցվի իշխանության կողմից առաջարկված «զրպարտող ռեգիստրում»։ Նրանք հրաժարվում են.
- մասնակցել պետական պաշտոնյաների հետ հանդիպումներին,
- աշխատանքային խմբերում և խորհրդատվական խորհուրդներում աշխատելը,
- միջազգային կամ աշխատանքային այլ ձևաչափերով կառավարության հետ համակարգվել:
Նրանք ևս մեկ անգամ ընդգծում են՝ աշխատում են միայն քաղաքացիների համար։ Ծառայում են միայն ժողովրդին և շարունակելու են աշխատել երեխաների, կանանց, աշխատողների, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ.
«Հենց այս մարդկանց 80 տոկոսը, հատկապես՝ հանրային աշխատողները, ովքեր աջակցում և աշխատում են, որպեսզի Վրաստանը դառնա Եվրամիության լիիրավ անդամ։ «Վրացական երազանքը» ստիպում է այդ մարդկանց, իրենց կամքին հակառակ, մասնակցել ապրիլի 29-ին նախատեսված կառավարության ռուսական երթին։ Իշխանության ռուսական երթով կառավարությունը փորձում է մեզ հետ տանել անցյալ, մինչդեռ մեր ապագան Եվրոպայում է։ Իշխանությունները առերեսվում են իրենց երեխաների, ապագա սերունդների, պետական ծառայողների և այս երկրի եվրոպական ապագայի կողմնակիցների ճնշող մեծամասնության հետ:
Մեր և վրաց ժողովրդի պատասխանն է՝
- Երբեք չենք ապրելու Պուտինի կանոններով: Ռուսական օրենքը երբեք չի լինի վրաց ժողովրդի ընտրությունը:
- Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին»»:
Այս պահին ավելի քան 150 կազմակերպություններ ստորագրել են հայտարարության տակ։ Այն բաց է ցանկացած հասարակական և լրատվական կազմակերպության համար՝ ստորագրելու։