«Եթե սահմանադրական նախաձեռնությանը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չաջակցի, իմ կարծիքով անհրաժեշտություն կառաջանա ավելի շատ գործել, քան խոսել», — այս մասին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիան՝ անդրադառնալով Վրաստանում ստեղծված իրավիճակին:
Նրա խոսքով իշխող ուժի կողմից այդ քայլը կլինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու հանդեպ վիրավորանք․ նրանք դեռ հունիսին խոստացան, որ 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:
Նիկա Մելիան հույս է հայտնել, որ օրինագծի տապալում տեղի չի ունենա, չնայած այն բանին, որ «Վրացական երազանքը» մեծ ցանկություն ունի այն անելու: Նրա խոսքով այդ դեպքում տեղի կունենան առավել մեծամասշտաբ բողոքի ակցիաներ, որոնք կավարտվեն իշխանության պարտությամբ:
«Նմանատիպ բան տեղի ունենալու դեպքում «Վրացական երազանքը» առաջիկա շաբաթների ընթացքում կկորցնի իշխանությունը: Կարող ենք համեմատություն անել և հիշել մեկ տարի առաջ Հայաստանում կատարված դեպքերը, երբ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը դրժեց խոստումը և չնայած տված խոստմանը՝ կրկին զբաղեցրեց բարձր պաշտոն՝ արդեն վարչապետի կարգավիճակով»,- հայտարարել է Մելիան:
Հիշեցնենք՝ ըստ «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնության, որը այս պահին ներկայացված է խորհրդարանի քննարկմանը, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրական կարգով: Այժմ, երբ խորհրդարանը անցել է օրինագծի քննարկմանը, «Վրացական երազանք»-ի որոշ պատգամավորներ, սակայն, դրժում են քաղաքական ուժի տված խոստումը։
Ըստ սահմանադրական օրինագծի, մեծամասնական կարգը պետք է վերացվի, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական համակարգով: Ներկայիս օրենքի համաձայն Վրաստանի ընտրական համակարգը համամասնականի է անցնելու 2024 թվականի ընտրությունների ժամանակ: